COVID-19-ի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ նախարար

19:00   29 հուլիսի, 2020

COVID-19-ի «պիկը» Հայաստանում եղել է հուլիսի 6-ին․ հենց այդ օրն է երկրում գրանցվել ակտիվ բուժման մեջ գտնվող պացիենտների ամենամեծ թիվը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ հուլիսի 6-ից հետո բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը սկսել է աստիճանաբար նվազել։

Այսօր երկրում շարունակվում է նոր դեպքերի թվի անկում գրանցվել։ Այս շաբաթ, օրինակ, նոր դեպքերի ամենամեծ թիվը եղել է 308։

«Համեմատելով նախորդ 2-3 շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ բացարձակ թվով եւ տոկոսով մենք ունենք բարելավում։ Սա իրապես լավ հնարավորություն է իրավիճակը այնքան լավացնելու, որ սա այլեւս ճգնաժամային իրավիճակ չհամարվի», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է շարունակել հետեւել հակահամաճարակային կանոններին, դիմակներ կրել, սոց հեռավորություն պահպանել եւ ձեռքերը ախտահանել, որպեսզի գրանցվող նոր դեպքերի թիվը շարունակի նվազել։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 330 նոր դեպք էր գրանցվել: Այդ օրվա դրությամբ փաստացի բուժվում էր 11984 պացիենտ։



© NEWS.am Medicine