Օդի աղտոտվածությունը կարող է դառնալ մարդկության գլխավոր սպառնալիքը․ գիտնականներ

23:24   31 հուլիսի, 2020

Օդի աղտոտվածությունը մարդկության գլխավոր խնդիրն է։ Այդ մասին նշված է Օդի որակի ինդեքսի (AQLI) հեղինակների զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Հաշվետվության համաձայն՝ օդի աղտոտվածությունը մարդկանց համար շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը, տուբերկուլոզը, ՁԻԱՀը եւ այլ հիվանդություններ։

Ըստ ստացված հաշվարկների՝ օդի աղտոտվածությունը միջինում նվազեցնում է կյանքի ակնկալվող տեւողությունը 2 տարով։ Իսկ այնպիսի երկներում, ինչպես Հնդկաստանն ու Բանգլադեշը, մթնոլորտում վնասակար արտանետումների պատճառով մարդկանց կյանքի միջին տեւողությունը կրճատվում է շուրջ 10 տարով։ Հաշվետվության համաձայն՝ օդի որակը զարգացող տարածաշրջաններում նեկայում շատ ավելի վտանգավոր է։

Վերջին 20 տարվա ընթացքում Հարավային Ասիայի 4 երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Նեպալում, Պակիստանում, օդի աղտոտվածության մակարդակը բարձրացել է 44 տոկոսով, ինչը հանգեցրել է կյանքի միջին տեւողության կրճատման շուրջ 5 տարով։

Հատկանշական է նաեւ այն, որ Հարավ-Արեւելյան Ասիայի 650 միլիոն բնակրների շուրջ 89 տոկոսն ապրում է շրջաններում, որտեղ ծանր մասնիկներով օդի աղտոտվածության մակարդակը չի համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին։

Հեղինակները նաեւ ուշադրություն են դարձրել դրական փոփոխություններին։ Մասնավորապես, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, Ճապոնիայում բնապահպանական կոշտ քաղաքականության շնորհիվ գրանցվել է որոշակի հաջողություն։ Օրինակ՝ Չինաստանում 2013 թվականին սկսվել է «աղտոտվածության դեմ պատերազմ», որի արդյունքում երկիրը կրճատել է դեպի մթնոլորտ ծանր մասնիկների արտանետումների քանակը շուրջ 40 տոկոսով։ AQLI-ի գնահատմամբ, եթե Չինաստանի իշխանությունները շարունակեն այդ քաղաքականությունը, ապա այդ երկրի քաղաքացիները կապրեն միջինում 2 տարով երկար։



© NEWS.am Medicine