Գիտնականները կազմել են կորոնավիրուսի տարածման քարտեզը

12:47   1 օգոստոսի, 2020

Գիտնականների միջազգային խումբը հետեւել է կորոնավիրուսի տարածման ուղիներին եւ քարտեզ կազմել հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 99 երկրներից 75-ը հաստատել են քաղաքացիների վարակման դեպքերը, որոնք այցելել են պետություններ, որտեղ համաճարակի օջախներ են գրանցվել: Դրանց թվին են պատկանում Իտալիան, Չինաստանը եւ Իրանը՝ համապատասխանաբար 27 տոկոս, 22 տորոս եւ 11 տոկոս դեպքերով: Այս տվյալները հավաքվել են վարակման դեպքերի ի հայտ գալու պահից սկսած առաջին 11 շաբաթներին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից 2020 թվականի մարտի 10-ը:

«Համաճարակաբանական անբարենպաստ իրադրությամբ երկրներից վերադարձը, հանարավոր է, առաջացրել է ամբողջ աշխարհում COVID-19-ի լրացուցիչ բռնկումներ»,- ասել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններից (CDC) բժիշկ Ֆաթիմա Դաուդը:

Կորոնավիրուսով առաջին վարակվածների գրանցման պահից 11 շաբաթ հետո մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս 99 երկրներում հայտնաբերվել է հիվանդության 32 459 դեպք: Մասնավորապես՝ Իտալիա ուղեւորությունը հիվանդության պատճառն է դարձել Աֆրիկայում 50 տոկոս դեպքում, Եվրոպայում՝ 36 տոկոս, Ամերիկայում՝ 38 տոկոս: Չինաստան ուղեւորությունների հետ են կապում Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան հատվածում հիվանդության 83 տոկոս դեպքերը, Հարավարեւելյան Ասիայում՝ 57 տոկոս: Արեւելյան Միջերկրածովյան տարածքի հիվանդացած բնակիչների 44 տոկոսն այցելել էր Իրան:

68 երկրներում, որտեղ տեղեկություններ են գրանցվել հիվանդացածների տարիքի եւ սեռի վերաբերյալ, 1200 դեպքից 874-ում կամ 73 տոկոսում պացիենտի տարիքը կազմել է 51: Դեպքերի միայն 3 տոկոսն է բաժին ընկել 18 տարեկանից փոքր երեխաներին, 2 տոկոսը՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներին:

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ հաշվետվության մեջ քիչ են տվյալները մեծ թվով զարգացող երկրների վիճակագրության վերաբերյալ, քանի որ նրանց առողջապահության մարմինները վատ են ախտորոշել COVID-19-ի առաջին դեպքերը: Օրինակ՝ այն պահին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր համավարակի մասին, աֆրիկական տարածաշրջանի 46 երկրից միայն 6-ն էր հաստատել բռնկումների մասին տեղեկությունները: Միաժամանակ, կորոնավիրուսով առաջին հիվանդները հայտնաբերվել են Հյուսիսային եւ Հարավայի ամերիկայի 35 երկրից 13-ում, Եվրոպայի 54 երկրից 45-ում, Արեւելյան Միջերկրածովյան 23 երկրից 16-ում, Հարավարեւելյան Ասիայի 11 երկրից 7-ում:



© NEWS.am Medicine