Խնձորի եւ տանձի կեղեւի մեջ հայտնաբերվել է մի նյութ, որը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի բուժման համար

19:34   10 օգոստոսի, 2020

Ուրսոլաթթուն, որը պարունակվում է խնձորի եւ տանձի կեղեւի, ինչպես նաեւ տարբեր հատապտուղների եւ խոտաբույսերի մեջ, ցայտուն հակաբորբոքային ազդեցություն ունի եւ կարող է օգտագործվել որպես ցրված սկլերոզի դեմ նոր դեղամիջոցների հիմք:

Նյութի մասին, որը կարող է օգնել բարդ աուտոիմունային հիվանդությամբ միլիոնավոր մարդկանց, գրել է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:

Թոմաս Ջեֆերսոնի ամերիկյան համալսարանի նեյրոկենսաբանների խոսքերով՝ ուրսոլաթթուն պարունակվում է ոչ միայն խնձորի եւ տանձի կեղեւի, այլեւ հապալասի, չիչխանի․ լոռամրգիի մեջ: Ավելին, այս կենսաբանորեն ակտիվ նյութը կարելի է գտնել անանուխի, ռեհանի, ծիտրոնի, սուսամբարի, ուրցի եւ նարդոսի մեջ:

Գիտնականները մի շարք փորձեր են իրականացրել լաբորատոր կրծողների հետ, որոնց մոտ վերարտադրվել է ցրված սկլերոզի բարձիթողի փուլը: Մկներին մի քանի ամիս ուրսոլաթթու են տվել, որի շնորհիվ կենդանիների վիճակը զգալիորեն բարելավվել է, գրում է Planet Today-ը:

«Այն արարածները, որոնք հետազոտության սկզբում կաթվածահար են եղել, երկու ամիս ուրսոլաթթվի ընդունումից հետո կարողացել են ինքնուրույն շարժվել»,- ասում են հետազոտության հեղինակները՝ նշելով, որ կենսաբանորեն ակտիվ նյութը կարող է վերականգնել նյարդային մանրաթելերի միելինային թաղանթի բջիջները, որոնք ախտահարվում են ցրված սկլերոզով պացիենտների մոտ:

 



© NEWS.am Medicine