Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

18:52   10 օգոստոսի, 2020

COVID-19 վարակի դեմ պայքարի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք:

Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը, բաժանմունքը ստեղծված է առաջատար կլինիկաներում կիրառվող մոդելով: Այն «Էրեբունի» բժշկական կենտրոնի թվով երկրորդ վերակենդանացման բաժանմունքն է:Նոր բաժանմունքն ունի 20 մահճակալ:

Նախատեսվում է, որ այստեղ տարեկան բուժում կստանա ավելի քան 1000 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ: Վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության սարքերով, ինչպես նաև դիալիզի սարքով:

Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով՝ անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով:

Այս ամենը հնարավորություն է տալիս մշտապես հետևել հիվանդների կենսական ցուցանիշներին և իրականացնել դինամիկ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել:

Բաժանմունքի ներսում բժիշկներն արդեն հնարավորություն ունեն միանգամից մեծ էկրանի վրա տեսնել հետազոտության արդյուքները, պատկերները և օնլայն ռեժիմով կազմակերպել խորհրդատվություններ գործընկերների հետ, խնայելով ժամանակը՝ ճիշտ որոշումներ կայացնել հիվանդների բուժման ընթացքում:



© NEWS.am Medicine