Շաքարից բացարձակ հրաժարումը առողջության համար լուրջ վտանգներով է հղի

11:48   30 հուլիսի, 2014

Շաքարը կարող է հավելյալ քաշի, վաղաժամ ծերացման եւ բազմաթիվ հիվանդությունների առաջացման հանգեցնել: Սակայն «քաղցրից» բացարձակ հրաժարումն էլ խորհուրդ չի տրվում: Մանավանդ, որ շաքարի բաղադրություն սննդամթերքի այնպիսի կարեւոր տեսակների մեջ կարելի է գտնել, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը, ձուն եւ ընդեղենը, որոնք խիստ առողջարար նշանակություն ունեն եւ սննդակարգից բացառման ենթակա չեն, հաղորդում է The Daily Mail-ը:

Թեմայի շուրջ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս հատկապես «պալեոլիտական դիետայի» գաղափարը, ըստ որի առաջարկվում է նախամարդու սննդակարգը կրկնօրինակել: Խոսքը, մասնավորապես, շաքարի ցածր բաղադրությամբ աչքի ընկնող մսամթերքի, հատապտուղների եւ բանջարեղենի օգտագործման մասին է: Մասնագետները դեմ են նմանատիպ, մասնավորապես՝ հորմոնների վրա ազդեցության հաշվին մարմնի առանձին հատվածներում ճարպային կուտակումներից ազատվելու հեռանկար հետապնդող մոտեցումներին:

Պարզապես հարկ է սննդամթերքի լիարժեք տեսակները կոկտեյլներով չփոխարինել, մասնավորապես էլ՝ այսպես կոչված «կավային դիետային» չտրվել, որի ջատագովները պնդում են, թե օրգանիզմից տոքսինները հեռացնելու, իմունային համակարգն ամրապնդելու եւ թթվայնության հավասարակշռությանը պահպանելու համար օրական պետք է մեկ գդալ կավ կուլ տալ: Ի թիվս այլ խնդիրների, այն փորկապության եւ նույնիսկ թունավորման սպառնալիք է պարունակում:



© NEWS.am Medicine