Վիսցերալ ճարպակալումը կարող է բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղից մահվան վտանգը. հետազոտություն

22:10   3 սեպտեմբերի, 2020

Օքսֆորդի համալսարանի գիտնականները կապ են գտել վիսցերալ ճարպակալման (երբ ճարպային կուտակումները ծածկում են որովայնի խոռոչի ներքին օրգանները) եւ շագանակագեղձի քաղցկեղից մահվան ռիսկի միջեւ:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ճարպակալման եվրոպական եւ միջազգային համաժողովում (ECOICO), իսկ հակիրճ դրանց մասին հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 218.225 տղամարդկանց տվյալները, ովքեր մասնակցել են UK Biobank-ի երկարաժամկետ ուսումնասիրությանը: Նրանց առողջությանը հետեւել են 10.8 տարի, ինչպես նաեւ մանրամասն տեղեկություններ են հավաքվել մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) վերաբերյալ:

Այդ տարիների ընթացքում շագանակագեղձի քաղցկեղից մահացել է 571 տղամարդ: Հետազոտողներն ուշադրություն են հրավիրել մի հետաքրքիր փաստի վրա. չնայած որ ՄԶԻ-ի եւ մահվան ռիսկի բարձրացման միջեւ հստակ կապ չկար, կար փոխկապակցվածություն վիսցերալ ճարպակալման մակարդակի եւ շագանակագեղձի քաղցկեղից մահվան հավանականության միջեւ: Տղամարդկանց մոտ, ովքեր մարմնի ամենամեծ ծավալ ունեցող մասնակիցների 25 տոկոսի մեջ էին, մահվան ռիսկը 35 տոկոսով ավելի բարձր էր, քան մարմնի ամենափոքր ծավալ ունեցող տղամարդկանց 25 տոկոսի դեպքում: Նմանատիպ օրինաչափություն է նկատվել նաեւ գոտկատեղի եւ ազդրերի ամենամեծ հարաբերակցությամբ տղամարդկանց մոտ:




© NEWS.am Medicine