Ո՞ր մթերքներն են օգտակար տղամարդկանց առողջության համար

09:46   4 սեպտեմբերի, 2020

Որոշ մթերքներ կարող են օգնել լրացնել տեստոստերոնի պակասը տղամարդու օրգանիզմում ՝ բարենպաստ ազդեցություն ունենալով նրա պոտենցիայի եւ ընդհանուր ինքնազգացողության վրա: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան): Նրա խոսքերը մեջբերում է «Վեչերնյայա Մոսկվա» թերթը:

Մասնագետի խոսքով` պոտենցիան բարձրացնել կօգնեն հեշտությամբ մարսվող եւ շատ սպիտակուցներ պարունակող մթերքները` հավի կրծքամիս, ցածր յուղայնությամբ կաթնաշոռը եւ տավարի միսը, ինչպես նաեւ` ձվի սպիտակուցը: Հորթի միսը, բացի սպիտակուցից, վիտամին B12 է պարունակում, որն ամրացնում է տղամարդկանց առողջությունը, ուստի խորհուրդ է տրվում այս մթերքը ներառել սննդակարգում:

Տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու համար սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս պարբերաբար ծովամթերք օգտագործել, ինչպիսիք են խեցգետինն ու ոստրեները: Այս մթերքներում պարունակվող ցինկը շատ օգտակար է տղամարդկանց առողջության համար: Դուք կարող եք ցինկ ստանալ նաեւ դդմի սերմեր ուտելով:

Օմեգա-3 ճարպաթթուները եւս դրական ազդեցություն ունեն ինչպես լիբիդոյի, այնպես էլ պոտենիցիայի վրա: Մեծ քանակությամբ սպիտակուցներից, ֆոսֆորից եւ ցինկից բացի, դրանք նաեւ խոլեստերին են պարունակում: Հենց դա է, ըստ փորձագետի, օգտագործվում օրգանիզմի կողմից սեռական հորմոնների ձեւավորման գործում:

Երիտասարդ տղամարդկանց եւ դեռահասներին խորհուրդ է տրվում յուղոտ մթերքներ ավելացնել իրենց սննդակարգում, իսկ 35-ից հետո տղամարդկանց օգտակար է բուսական սպիտակուցներ ուտելը, ինչպիսիք են լոբին եւ ոլոռը:

Սոլոմատինան նաեւ կոչ է արել տղամարդկանց խուսափել սոյայի կամ գարեջրի չափազանց շատ օգտագործումից, որոնք բարձր գլիկեմիկ ինդեքս ունենք: Այս մթերքները, ըստ բժշկի, նպաստում են ճարպակալմանն ու տեստոստերոնի մակարդակի իջեցմանը:

Ըստ սննդաբանի` կաթնամթերքը, քաղցրավենիքները, թխուկները, գազավորված ըմպելիքները եւ  զովացուցիչ ըմպելիքները նույնպես կարող են հանգեցնել տեստոստերոնի նվազմանը, ուստի խորհուրդ է տրվում բացառել այս բոլոր սննդամթերքները սննդակարգից կամ գոնե դրանց քանակը հասցնել նվազագույնի:

Սոլոմատինան շեշտում է, որ պոտենցիայի ու ընդհանուր առողջության պահպանման համար տղամարդիկ պետք է վերահսկեն իրենց սննդակարգը, խուսափեն սթրեսից եւ սպորտով զբաղվեն:





© NEWS.am Medicine