6 ամսում Հայաստանում ՄԻԱՎ-ով մինչեւ հինգ տարեկան 7 երեխա է հայտնաբերվել

14:02   3 սեպտեմբերի, 2020

Վերջին մոտ 6 ամիսների ընթացքում, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ղեկավարության փոփոխություններից հետո Հայաստանում մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

Մասնագետի խոսքով՝ վերջին տարիների համար սա աննախադեպ երեւույթ է, քանի որ Հայաստանը համարվում է այն փոքրաթիվ երկրներից մեկը, որտեղ հաջողվել է էլիմիացնել՝ վերացնել ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Հետաքրքիր է, որ բոլոր 7 դեպքերում վարակի փոխացնումը մորից երեխային տեղի է ունեցել 2015-ից մինչեւ 2019 թվականը, երբ Հայաստանն արդեն հայտ էր ներկայացրել՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման էլիմինացիային հասած երկիր ճանաչվելու համար։

Երեխաներից 3-ը, մասնագետի խոսքով, մեկ տարեկան են․ նրանք ծնվել են 2019-ին, իսկ հղիությունը եղել է 2018-2019-ին։ Երեխաներից մեկը երկու տարեկան է, երկուսը՝ երեք տարեկան, եւս մեկը՝ հինգ տարեկան։

Հովհաննես Մադոյանի խոսքով՝ բոլոր 7 դեպքերի հետ կապված մասնագետներն այժմ աշխատանքային խումբ են ստեղծել եւ քննություն են անցկացնում, որպիսզի պարզեն, թե ինչպես է ստացվել, որ այս երեխաները վարակվել են, եւ ինչպես է ստացվել, որ նրանց մինչեւ վերջերս չէին հայտնաբերել։

«Չի կարող լինել, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում, մեկ էլ կես տարվա մեջ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը եւ հանրությանը անպայման կներկայացնենք», - ասաց Մադոյանը։



© NEWS.am Medicine