Հայաստանում պլանավորվում է հեպատիտ Ց-ի մորից երեխային փոխանցման էլիմինացիայի ծրագիր իրականացնել

15:20   3 սեպտեմբերի, 2020

Հայաստանը համարվում է այն փոքրաթիվ երկրներից մեկը, որտեղ հնարավոր է դարձել էլիմինացնել ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից երեխային։ Այժմ պլանավորվում է իրականացնել պայքար նաեւ հեպատիտ Ց-ի եւ սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը։

Նրա խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման արդյունքում ձևավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գործառույթների մեջ մտնելու է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաեւ որոշ հիվանդությունների էլիմինացիային՝ վերացմանը ուղղված քայլերի մշակումը եւ իրականացումը։

Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրի հիմնական դերակատարումը, մասնագետի խոսքով, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն» է իրականացնելու։

«Միավորելու ենք մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտների եւ սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված գործողությունները։ Հայաստանի ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ոլորտում լուրջ հաջողությունների է հասել, այդ փորձը տարածելու ենք նաեւ այլ վարակների վրա», - նշեց մասնագետը։

Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին ԱՀԿ-ն դասել էր Հայաստանը այն փոքրաթիվ երկրների շարքին, որտեղ մորից երեխային ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի փոխանցումը վերացված էր։

Սակայն աս նվաճումը ամեն տարի պետք է վերահաստատել։ Այս պահին ԱՀԿ-ն դիտարկում է 2018թ-ին ախտորոշված երկու դեպքը։ Երկու դեպքում էլ վարակը տեղի է ունեցել ավելի վաղ շրջանում։ Ինչպես նշեց Հովհաննես Մադոյանը, երկիրը պետք է բացատրություն տա ՄԻԱՎ-ի մորից երեխային փոխանցման յուրաքանչյուր դեպքի համար, որ պարզ դառնա, արդյոք տեղի ունեցածը վիճակագրորեն թույլատրելի սահմաններում է, թե երկիրը ինչ-որ բան սխալ է արել, եւ դեպքերի պատճառը կազմակերպչական խնդիրներն են եղել։



© NEWS.am Medicine