Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին տարեց մարդիկ կմասնակցեն

18:53   3 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումներին 60-70 տարեկան անձինք կմասնակցեն։ Այս մասին հայտարարել է Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նրա խոսքերով՝ կլինիկական փորձարկումների երրորդ փուլին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 40 000 մարդ, հաղորդում է «Российская газета»-ն:

«COVID-19 նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման համար «Գամ-Քովիդ-Վակ» պատվաստանյութի («Սպուտնիկ V») հետգրանցումային մեծ կլինիկական փորձարկումներին թույլատրվում է մասնակցել 18 տարեկանից բարձր քաղաքացիներին: Ուսումնասիրության արձանագրությունը չի սահմանել կամավորների վերին տարիքային սահմանափակում»,- ասել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսանդր Կուզնեցովը:

Հայտնի է, որ ուսումնասիրության մասնակիցներից մոտավորապես 10 000 մարդ պլացեբո կստանա: Այսպիսով հնարավոր կլինի հասկանալ, թե երկու խմբից քանի մարդ է հիվանդացել կորոնավիրուսով, եւ որքանով է արդյունավետ պատվաստանյութը՝ համեմատած պլացեբոյի հետ:



© NEWS.am Medicine