Ինչպես սննդակարգում բանջարեղենը կարող է ազդել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի վրա

23:44   4 սեպտեմբերի, 2020

Ձեր սննդակարգում բանջարեղենի քանակի նույնիսկ փոքր աճը կարող է մեծ օգուտ բերել առողջությանը եւ նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է The BMJ ամսագրում հրապարակված երկու հետազոտություններում:

Առաջին ուսումնասիրության ընթացքում գիտնականների միջազգային մեծ խումբը վերլուծել է արյան մեջ վիտամին C-ի եւ կարոտինոիդների (պայծառ գունավոր բանջարեղենի եւ մրգերի մեջ առկա պիգմենտներ) կապը 2 տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հետ: Ըստ գիտնականների՝ արյան մեջ վիտամին C-ի եւ կարոտինոիդների կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալները շատ ավելի ճշգրիտ են արտացոլում մարդկանց կողմից բանջարեղենի եւ մրգերի օգտագործման իրական մակարդակը, քան սննդի մասին հարցումների արդյունքում ստացված տեղեկատվությունը:

Նույնիսկ այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել մի շարք գործոններ, որոնք կարող են ազդել շաքարախտի ռիսկի վրա, պարզվել է, որ որքան բարձր է արյան մեջ վիտամին C-ի եւ կարոտինոիդների մակարդակը, այնքան ցածր է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը:

Գիտնականները նույն բանն են պարզել «կենսամարկերային կոմպլեքս միավորի» (ցուցանիշ, որը կազմում է արյան մեջ վիտամին C-ի եւ կարոտինոիդների մակարդակների հանրագումարը) եւ շաքարախտի ռիսկի մասին՝ որքան բարձր է ընդհանուր միավորը, այնքան ցածր է հիվանդության զարգացման հավանականությունը:

Համեմատած նրանց հետ, ում մոտ կենսամարկերային կոմպլեքս միավորը նվազագույն է, բնակչության թոփ 20%-ի մոտ շաքարախտի ռիսկը 50%-ով ցածր է: Հետազոտողները հաշվարկել են, որ օրական յուրաքանչյուր 66 գրամ լրացուցիչ բանջարեղենն ու միրգը կապված են 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի 25%-ով նվազման հետ:

Երկրորդ ուսումնասիրության հեղինակները վերլուծել են շաքարախտի եւ հացահատիկի օգտագործման մակարդակի կապերը: Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են առավելագույն քանակությամբ հացահատիկային մթերքներ, 2-րդ տիպի շաքարախտի վտանգը 29%-ով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր նման մթերքներ համարյա չեն ուտում:

Օրինակ, նրանք, ովքեր ամեն օր հացահատիկային մշակաբույսերով են նախաճաշում, շաքարախտի ռիսկը 19%-ով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր այդ մշակաբույսերը օգտագործում ամսական մեկ անգամից պակաս: Հացահատիկային հացի համար այս համեմատական ռիսկը նվազում է 21%-ով: Նրանք, ովքեր շաբաթական առնվազն երկու անգամ ամբողջական հատիկներով վարսակի շիլա են ուտում, նույնպես ունեն 21% ցածր շաքարախտի ռիսկ, համեմատած նրանց հետ, ովքեր այս շիլան ուտում են ամիսը մեկ անգամից քիչ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շաբաթական առնվազն 2 անգամ սննդի մեջ թեփ ավելացնելը շաքարախտի հավանականությունը նվազեցնում է 15%-ով, իսկ նույն հաճախականությամբ շագանակագույն բրնձի եւ ցորենի ածիկի օգտագործումը՝ 12%-ով։

Հետաքրքիր է, որ ըստ ուսումնասիրության տվյալների, թվարկված ամբողջական ձավարեղենը օրական երկու անգամից ավելի ուտելը իմաստ չունի, քանի որ այս շեմը գերազանցելու դեպքում շաքարախտի համեմատական ռիսկի ցուցանիշները դադարում են նվազել:

Երկու ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ արդյունքները եւս մեկ անգամ հաստատում են այն կարծիքը, որ բանջարեղենը, մրգերը եւ հացահատիկային մթերքները պարտադիր պետք է լինեն ամենօրյա սննդակարգի մեջ՝ ուղղված 2-րդ տիպի շաքարախտի կանխարգելմանը:



© NEWS.am Medicine