Մարիխուանան կարող է ազդել մարդու մտավոր ունակությունների վրա․ հետազոտություն

23:43   7 սեպտեմբերի, 2020

Մարիխուանայի չափավոր, բայց մշտական օգտագործումը բացասաբար է ազդում մարդու մտավոր ունակությունների վրա: Այս մասին ասվում է նոր հետզոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Addiction գիտական ամսագրում:

Մարդկանց մտավոր ունակությունների վրա մարիխուանայի ազդեցությունը հասկանալու համար Կոլորադոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել մոտ 1200 եղբայրների եւ քույրերի օրինակի վրա: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս թմրամիջոցի չափավոր, բայց կանոնավոր օգտագործումը իսկապես թուլացնում է երիտասարդների մտավոր ունակությունները:

Զգալի բացասական ազդեցություն է նկատվում բանավոր հիշողության հետ կապված: Բացասական փոփոխություններ են գրանցվել ընդհանուր IQ-ի, մտածողության ճկունության եւ աշխատանքային հիշողության մակարդակում։

Ավելին, նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բուսական թմրամիջոցը փոխում է ուղեղի աշխատանքը՝ ժամանակի ընթացքում բթացնելով հաճույքի զգացողության սրությունը: Սա մեծացնում է կախվածության զարգացման ռիսկը, փոխում է մարդու վարքը՝ դրդելով նրան այլ թմրամիջոցներ օգտագործել:

Նախկինում նաեւ պարզվել էր, որ հղիության ընթացքում մարիխուանա օգտագործելը մեծացնում է աուտիզմով եւ մտավոր զարգացման մի շարք խանգարումներով երեխա ունենալու վտանգը:



© NEWS.am Medicine