Կորոնավիրուսից վնասվածքները կարելի է բուժել․ հետազոտություն

22:20   8 սեպտեմբերի, 2020

Նախկինում մասնագետները կարծում էին, որ կորոնավիրուսի վարակը պացիենտի շնչուղիներում եւ սրտում անդառնալի փոփոխություններ է առաջացնում: Բայց վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, COVID-19-ի հետ կապված, թոքերի եւ սրտի հյուսվածքների վնասվածքները հիվանդների մոտ հավերժ չեն մնում եւ կարող են բուժվել: Այս մասին հայտնում են Ինսբրուկի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են COVID-19 տարած մի քանի տասնյակ հիվանդների վիճակը:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, թոքերի վնասվածքներ COVID-19-ից ապաքինվածների պատկերներում նկատվել են նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի շաբաթ անց: Բայց, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում պացիենտների օրգանիզմը վերականգնվել է, եւ վնասվածքներն անցել են:

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը վնասում է թոքերի բջիջները, քթի, կերակրափողի, արյան անոթների եւ սրտի լորձաթաղանթը: Այդ պատճառով վարակվածները ոչ միայն շնչառական ախտանիշներ են ունենում, այլեւ մարսողության եւ արյունատար համակարգի հետ կապված խնդիրներ: Հասկանալու համար, թե որքան երկարատեւ են թոքերի աշխատանքի փոփոխությունները, գիտնականները դիտարկել են 82 տարեց կամավորների վիճակը:

6 ամիս մասնագետները հարցումներ են կատարել նրանց շրջանում եւ նկարել են նրանց թոքերը: Այսպես, դուրս գրվելուց հետո առաջին օրերին թոքերի վնասվածքներ եղել են պացիենտների 88%-ի մոտ: Նրանց 50%-ը հազացել է կամ բողոքել է շնչարգելությունից: Պացիենտների 59%-ի անոթներում թրոմբներ են եղել, իսկ ձախ նախասրտի աշխատանքը լուրջ խանգարվել է:

Սակայն իրավիճակը բարելավվել է երեք ամիս անց՝ թոքերի ակնհայտ վնասվածքներ գրանցվել են դեպքերի միայն 50%-ում, հազը, թրոմբները եւ այլ անոմալիաները ավելի հազվադեպ են արտահայտվել:



© NEWS.am Medicine