Ինչով է վտանգավոր զարկերակային բարձր ճնշումը

09:41   9 սեպտեմբերի, 2020

Զարկերակային բարձր ճնշումը եւ 2-րդ տիպի շաքարախտը վտանգավոր են ուղեղի համար եւ բացասաբար են ազդում ճանաչողական ունակությունների, այդ թվում` մտածողության եւ հիշողության վրա: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում: 

Նրանք վերլուծել են UK Biobank-ի երկարաժամկետ ուսումնասիրության 22 000 մասնակիցների ՄՌՏ հետազոտության տվյալները: Դրանք թույլ են տվել հետեւել գլխուղեղի մոխրագույն եւ սպիտակ նյութերի փոփոխություններին՝ հաշվի առնելով կլինիկական, ժողովրդագրական եւ ճանաչողական գործոնները: Ինչպես պարզվել է, արյան մատակարարման հետ կապված ռիսկի գործոնները (այդ թվում՝ հիպերտոնիան եւ շաքարախտը) ազդում են ճակատային շրջանում ուղեղի նյութի ծավալի վրա, ինչպես նաեւ հատվածների միջեւ սպիտակ նյութի ամբողջականության վրա:

Պարզվել է, որ 44-70 տարեկան մասնակիցների մոտ զարկերակային բարձր ճնշումը կապված է ճանաչողական գործառույթի վատթարացման հետ: Հետաքրքիր է, սակայն, որ այդ հարաբերակցությունը չի հայտնաբերվել 70-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Հետազոտության մասնակիցների 5%-ը տառապել է 2-րդ տիպի շաքարախտով, եւ պարզվելէ, որ այս հիվանդությունը նույնպես հիշողության եւ մտածողության նվազման գործոն է:

Գիտնականների խոսքերով՝ հիպերտոնիայի եւ շաքարախտի պատճառով հիշողության կորուստը իսկապես համեմատելի չէնրա հետ, ինչ տեղի է ունենում դեմենցիայի դեպքում: Սակայն նման ազդեցության փաստն ինքնին ցույց է տալիս ուղեղի աննշան վնասումը, որը տեղի է ունենում միջին տարիքում: Կարեւոր է կանխարգելել այս վատթարացումը` հետագա խնդիրները կանխելու համար:



© NEWS.am Medicine