Կորտիկոստերոիդներ. Ինչ են դրանք իրենցից ներկայացնում եւ ինչու են արդյունավետ COVID-19-ի դեմ պայքարում

09:42   10 սեպտեմբերի, 2020

Կորտիկոստերոիդների, այդ թվում՝ դեքսամետազոնի օգտագործումը բարելավում է COVID-19-ի ծանր տեսակով պացիենտների գոյատեւման ցուցանիշները: Այս մասին ապացույցներ է ներկայացրել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նրա հետազոտության մեջ հավաքվել են 7 տարբեր փորձերի տվյալներ, որոնցում գնահատվել է կորտիկոստերոիդների արդյունավետությունը COVID-19-ի ծանր ձեւով տառապող 1703 պացիենտների համար:

Ուսումնասիրությունները հաստատել են, որ պացիենտները, ովքեր ստացել են երեք կորտիկոստերոիդներից մեկը՝ հիդրոկորտիզոն, դեքսամետազոն կամ մեթիլպրեդնիզոլոն, 28 օր հետո մահվան 32% ռիսկ են ունեցել: Նրանց համար, ովքեր ստացել են սովորական բուժում կամ պլացեբո, ռիսկը կազմել է 40%:

Ինչ են իրենցից ներկայացնում կոստիկոստերոիդները

Կորտիկոստերոիդները հորմոնալ դեղամիջոցներ են, որոնք առավել հաճախ օգտագործվում են ալերգիկ եւ աուտոիմունային հիվանդությունները բուժելու համար: Իմունային համակարգի չափից շատ ռեակցիան ճնշելու ունակությունը դրանց օգտակար է դարձնում նաեւ փոխպատվաստումների ժամանակ՝ դրանք օգնում են կանխել փոխպատվաստված օրգանների մերժումը:

Ինչու են այս դեղամիջոցները արդյունավետ կորոնավիրուսի դեպքում

COVID-19-ով որոշ պացիենտների մոտ բարդություններ են առաջանում, որոնք հայտնի են որպես «ցիտոկինային փոթորիկ»՝ իմունային համակարգի վտանգավոր եւ պոտենցիալ մահացու ռեակցիա: Կորտիկոստերոիդները ճնշում են իմունային համակարգը, որի շնորհիվ օգնում են խուսափել դրա չափից ավելի ռեակցիայից եւ դրանից բխող խնդիրներից:

Հետաքրքիր է, որ հետազոտության ընթացքում հիդրոկորտիզոնի եւ դեքսամետազոնի օգտագործման դրական ազդեցությունն ի հայտ է եկել ցածր չափաբաժինների դեպքում: Իսկ ավելի բարձր չափաբաժինների օգտագործումը լրացուցիչ առավելություններ չի տվել: Իսկ ավելի հզոր ստերոիդը՝ մեթիլպրեդնիզոլոնը, պակաս արդյունավետ է եղել, քան հիդրոկորտիզոնը:



© NEWS.am Medicine