Երբ Հայաստանում կհայտնվի գրիպի դեմ պատվաստանյութ, եւ ինչու պետք է մտածեք պատվաստվելու մասին

19:18   11 սեպտեմբերի, 2020

Ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել հոկտեմբերի սկզբին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին Հայաստանն արդեն կստանա պատվաստանյութերի մի մասը, իսկ հոկտեմբերի սկզբին դրանք կբաշխվեն պոլիկլինիկաներին, որտեղ ռիսկի խմբում գտնվող մարդիկ կկարողանան անվճար պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

Մասնագետի խոսքերով՝ այս սեզոնում Հայաստանում նախատեսվում է օգտագործել ֆրանսիական արտադրության եռավալենտ եւ հարավկորեական արտադրության քառավալենտ պատվաստանյութեր: Նախկինում երկու պատվաստանյութերն էլ արդեն օգտագործվել են Հայաստանում: Երկուսն էլ պաշտպանում են A H1N1, A H3N2 գրիպի վիրուսի շտամներից, ինչպես նաեւ B գրիպի վիրուսի 1 կամ 2 ենթատեսակներից:

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, A տեսակի (H1N1, H3N2) շտամները սովորաբար ամենամեծ տարածումն են գտնում, ուստի այսօրվա դրությամբ հիմնական խնդիրը հենց այդ շտամների հանդեպ բնակչության խոցելի խմբերի համար իմունիտետ ապահովելն է:

Ընդհանուր առմամբ, այս սեզոնում նախատեսվում է ներմուծել պատվաստանյութերի 260 000 չափաբաժին: Անցյալ տարի, ըստ մասնագետի, եղել է 160 000, եւ դա շատ քիչ էր՝ արդեն այս տարվա հունվարին բոլոր պատվաստանյութերը վերջացել էին, եւ դրանց պահանջարկը մնում էր կայուն բարձր, հատկապես կորոնավիրուսի մասին լուրերի հետ կապված մտահոգությունների ֆոնին:

«Չնայած դեռ սեպտեմբերի սկիզբն է, բայց շատերն արդեն զանգահարում են եւ հետաքրքրվում, թե երբ է հնարավոր գրիպի պատվաստանյութ ստանալ»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ մարդիկ սկսել են ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել պատվաստումների հանդեպ, այդ թվում՝ գրիպի դեմ պատվաստումների՝ նրանք սկսել են հասկանալ, որ եթե իրենց օրգանիզմը բախվի միանգամից երկու վարակի (օրինակ՝ կորոնավիրուս եւ գրիպ), դա կարող է հանգեցնել շատ լուրջ հետեւանքների: Եվ քանի որ կորոնավիրուսի դեմ ակտիվ պատվաստանյութ դեռ չկա, մարդիկ ուզում են գոնե գրիպից պաշտպանվել:

Գրիպի (ինչպես նաեւ կորոնավիրուսի) հետեւանքով բարդությունների զարգացման ռիսկը հատկապես բարձր է քրոնիկ հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա, սրտանոթային հիվանդություններ եւ այլն) ունեցող մարդկանց եւ տարեցների մոտ, այդ պատճառով էլ նրանք համարվում են ռիսկային խմբեր, եւ հենց այդ պատճառով նրանց խորհուրդ է տրվում անպայման պատվաստվել՝ գոնե այն հիվանդությունների դեմ, որոնց համար պատվաստանյութեր կան:

Հիշեցնենք, որ որպեսզի գրիպի դեմ իմունիտետ ձեւավորվի, ժամանակ է պետք՝ հենց այդ պատճառով են պատվաստումները սովորաբար կատարվում սեզոնի սկզբից առաջ: Մասնագետի խոսքերով՝ լիարժեք իմունիտետի զարգացման համար պատվաստման օրվանից պահանջվում է մինչեւ 28 օր:

Հիշեցնենք նաեւ, որ ռիսկային խմբերի մարդիկ (քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, տարեցներ, հղի կանայք եւ այլն) գրիպի դեմ պատվաստում կարող են ստանալ անվճար՝ իրենց բնակության վայրի պոլիկլինիկաներում: Սակայն գրիպի դեմ պատվաստանյութը ներմուծում է ոչ միայն պետությունը, այլ նաեւ մասնավոր բժշկական կենտրոնները, եւ նրանք, ովքեր ռիսկի խմբում չեն, բայց ուզում են պատվաստվել, կարող են դիմել մասնավոր կենտրոններին եւ պատվաստվել վճարովի հիմունքներով:



© NEWS.am Medicine