Քնել ձախ կողքի վրա. վնասակա՞ր է, թե՞ ոչ

11:32   13 սեպտեմբերի, 2020

Անշուշտ, մեկ անգամ չէ, որ լսել եք այն առասպելը, որ ձախ կողքի վրա քնելը վնասակար է: Համարվում է, որ եթե քնում եք ձախ կողքի վրա, ապա սիրտը կարող է սեղմվել այլ օրգանների կողմից: Այդպե՞ս է արդյոք։

Սրտանոթային համակարգը

Հետազոտությունները, հակառակ առասպելների, վկայում են, որ ձախ կողքի վրա քնելը կարող է նույնիսկ օգտակար ազդեցություն ունենալ, օրինակ` արյան հոսքի վրա: Այս կարծիքին է նաեւ, օրինակ, Քրիստոֆեր Ուինթերը՝ Martha Jefferson Hospital Sleep Medicine Center-ի կենտրոնի տնօրենը: Նրա խոսքերով՝ մարմնի մեջ լրիվ շրջադարձ կատարելով՝ արյունը աջ կողմից վերադառնում է սիրտ:

Ստամոքս

Ձախ կողքի վրա խորհուրդ է տրվում քնել այն մարդկանց, ովքեր ունեն գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդություն (ԳԷՌՀ) կամ այրոց, որի ընթացքում ստամոքսի թթվային պարունակությունը մտնում է կերակրափող, ինչը առաջացնում է այրման զգացում կամ ստամոքսի ծանրություն: Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ստամոքսը տեղակայված է ձախ կողմում, իսկ եթե մարդը պառկում է աջ կողքի վրա, օրգանը «վեր է բարձրանում», ինչը թեթեւացնում է ստամոքսահյութի «հոսքը» կերակրափող: Համարվում է, որ աջ կողքի քնելը նպաստում է այրոցքի առաջացմանը, իսկ ձախ կողքի վրա քնելը կապված է ԳԷՌՀ ախտանիշները թեթեւացնելու հետ:

Հղիություն

Կարծիք կա, որ ձախ կողքի վրա քնելը նախընտրելի է հղիության ընթացքում՝ մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ձախ կողքի վրա քնելը կապված է մեռելածնության ռիսկի նվազման հետ: Հետագա ուսումնասիրությունները, սակայն, չեն հաստատել այս եզրակացությունը, սակայն մի շարք ուսումնասիրություններ դեռ հաստատում են այն կարծիքը, որ հղի կանանց համար ցանկալի է կողքի վրա քնել։

Ո՞ր կողքի վրա քնել

Իրականում չկան գիտական ապացույցներ, որ ձախ կողքի վրա քնելը վնասակար է: Բայց չկան նաեւ ապացույցներ, որ ձախ կողքի վրա քնելը նախընտրելի է բոլոր մարդկանց համար:

Քնի համար դիրք ընտրելիս խորհուրդ է տրվում հաշվի առնել տարբեր գործոններ, առաջին հերթին` առողջական վիճակը: Որոշ մարդկանց համար մեջքի վրա պառկած դիրքը կարող է օպտիմալ լինել քնելու համար, բայց այն հարմար չէ քնի մեջ ապնոե ունեցող մարդկանց համար: Եթե առողջության հետ կապված որեւէ խնդիր ունեք, խորհուրդ է տրվում ձեր բժշկի հետ քննարկել քնելու լավագույն դիրքը:



© NEWS.am Medicine