ԱՀԿ-ն գրանցել է կորոնավիրուսով վարակումների ռեկորդային օրական աճ

12:34   14 սեպտեմբերի, 2020

Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով են վարակվել ռեկորդային թվով մարդիկ՝ 307 930։ Սա գրեթե հազար դեպքով ավելի է, քան նախկին ամենաբարձր ցուցանիշը, որ հաստատվել էր մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 6-ին (304 600 նոր դեպք)։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ համավարակն արդեն խլել մոլորակի ավելի քան 917 հազար բնակիչների կյանքը։

ՌԲԿ-ն հայտնում է, որ վարակման ամենամեծ թվով նոր դեպքեր (94 300) գրանցվել են Հնդկաստանում։ Հաջորդում են ԱՄՆ-ն եւ Բրազիլիան՝ 45 500 եւ 43 700 նոր հիվանդացածներով։ Ըստ աճի՝ 4-րդ տեղում է Իսպանիան՝ 12 100, 5-րդ՝ Արգենտինան՝ 11 500 դեպքով։

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են վարակման 5400 նոր դեպք, իսկ Հայաստանում՝ 107։

ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 28,6 մլն մարդ։ Ջոն Հոփքինսի համալսարանը հայտնում է վարակման 28,8 մլն դեպքի մասին, ընդ որում՝ COVID-19-ի բոլոր դեպքերի ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (6,5 մլն), որին հաջորդում են Հնդկաստանը (4,7 մլն) եւ Բրազիլիան (4,3 մլն)։ Երկրների այս եռյակում գրանցվել է նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի ամենամեծ թիվը՝ ԱՄՆ-ում 193 900, Բրազիլիայում՝ 131 200, Հնդկաստանում՝ 78 500։



© NEWS.am Medicine