Ուղեղի ցնցումները 72%-ով մեծացնում են ծերունական տկարամտության ռիսկը

22:10   14 սեպտեմբերի, 2020

Ուղեղի ցնցում ապրած մարդկանց մոտ ծերունական տկարամտության ռիսկն աճում է 72%-ով, իսկ Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը՝ 57%-ով: Այս մասին ասվում է Family Medicine and Community Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Մանիտոբայի համալսարանի կանադացի գիտնականները վերլուծել են ուղեղի ցնցում տարած 47 483 հիվանդների տվյալները: Նրանց հետեւել են 25 տարի: Ինչպես պարզվել է, այդ մարդկանց մոտ 72%-ով ավելի հավանական է եղել ծերունական տկարամտության ցանկացած ձեւի զարգացումը, քան այն մարդկանց մոտ, ովքեր ցնցումներ չեն ունեցել: Ավելին, ցնցումները մեծացրել են Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը 57%-ով, իսկ տագնապային խանգարումների ռիսկը` 72% -ով:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել, որ ուղեղի ցնցման հետ բախված կանայք 28%-ով ավելի հավանական է հետագայում տառապեն գերակտիվությամբ ուշադրության դեֆիցիտի խանգարմամբ, իսկ տագնապային խանգարումների հավանականությունը նրանց մոտ աճում է 7%-ով: Ըստ գիտնականների, նյարդաբանական խնդիրների մեծ ռիսկը կարող է դեպի ուղեղ արյան հոսքի խանգարման հետեւանք լինել կամ կապված լինել կորտիզոլի նման հիմնական հորմոնների աշխատանքի հետ:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ պրոֆեսիոնալ մարզիկները, ովքեր հաճախ են գլխին հարվածներ ստանում, ուղեղի վնասվածք եւ ցնցումներ ունենում, ավելի հաճախ են տառապում ծանր նյարդաբանական հիվանդություններից, ինչպիսիք են կողային ամիոտրոֆ սկլերոզը: Այդ պատճառով որոշ երկրներում 16 տարեկանից փոքր երեխաներին թույլ չեն տալիս մասնակցել սպորտի թիմային ձեւերով, ինչպիսիք են ամերիկյան ֆուտբոլը եւ ռեգբին:



© NEWS.am Medicine