Անսովոր նշան․ Ինչպես կարող են 40-ն անց մարդիկ կռահել արյան բարձր ճնշման մասին

16:25   14 սեպտեմբերի, 2020

Միջին տարիքում զարկերակային բարձր ճնշումը հաճախ առաջացնում է կոգնիտիվ ֆունկցիաների նվազում։ Հենց այս պատճառով աշխատունակության հետ կապված առաջացող խնդիրները  կարող են լինել այն բանի անսովոր նշան, որ մարդու մոտ հիպերտոնիա է զարգանում։ Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications-ում։

Ճնշման բարձրացումը առողջական մեծաթիվ խնդիրների կատալիզատորն է․ դրա հետեւանքով զարկերակների պատերը վնասվում են, եւ վնասված տեղերում սկսում են կուտակվել խոլեստերինային վահանիկներ՝ առաջացնելով զարկերակների նեղացում։ Այս ամենը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում սրտի եւ գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։

Խնդիրն այն է, որ հիպերտոնիան հաճախ աննկատ է մնում։ Սակայն Օքսֆորդի համալսարանի նեյրոկենսաբանների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքի (40 տարեկանից հետո) մարդկանց մոտ հիպերտոնիան կարող է իր մասին «հայտարարել» անսովոր ախտանշանով՝ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացմամբ, մտածելու եւ հիշելու դժվարություններով․ մարդը սկսում է վատ մտածել, դադարում է հաղթահարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, դառնում է մոռացկոտ։

Գիտնականները հայտնաբերել են, որ արյան բարձր ճնշումը, ինչպես եւ շաքարային դիաբետը, միջին տարիքում փոխում է ուղեղի կառուցվածքը՝ նվազեցնելով նեյրոնային պրոցեսների արագությունը, որոնք պատասխանատու են մտքի եւ հիշողության համար։ Կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը տեղի է ունենում սիստոլիկ զարկերակային ճնշման 140 եւ բարձր ցուցանիշների դեպքում։

Հայտնի է, որ 70-ն անց մարդկանց շրջանում ճնշման մակարդակը զգալի ազդեցություն չի ունեցել ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վրա, իսկ 44-69 տարեկան մարդկանց մոտ զարկերակային բարձր ճնշման բացասական ազդցությունն ավելի ուժեղ է։

Հետազոտողների խոսքով՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ միջին տարիքում հիպերտոնիայի պատճառով մտավոր ունակությունների վատթարացումը կարող է զուգորդվել տարիներ հետո դեմենցիայի զարգացման հավանականության հետ։

Մասնագետները մարդկանց կոչ են անում 40 տարեկանից հետո պարբերաբար չափել զարկերակային ճնշումը եւ անհրաժեշտության դեպքում այն նվազեցնելու միջոցներ ձեռնարկել․



© NEWS.am Medicine