Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ստացածների 14 տոկոսը գանգատվում է թուլությունից եւ ջերմությունից

12:40   15 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ստացած յուրաքանչյուր յոթերորդ կամավորը հետգրանցումային փորձարկումների շրջանակում գանգատվում է թուլությունից, ջերմությունից եւ մկանային ցավերից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«Պատվաստվել է ավելի քան 300 մարդ, գրեթե 14 տոկոսի մոտ մեկ օրվա ընթացքում առաջանում են ոչ մեծ գանգատներ թուլությունից, մկանային ցավերից, հազվադեպ պատահում է ջերմության բարձրացում։ Սա այն է, ինչը նկարագրված է հրահանգում, սրանք այն բարդություններն են, որոնք կանխատեսելի են։ Դրանք, որպես կանոն, մեկ օրվա, առավելագույնը 1,5 օրվա ընթացքում վերանում են»,- ասել է նա։

Պատվաստանյութը մշակվել է պլատֆորմում, որն արդեն օգտագործվել է պատվաստանյութերի ստեղծման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այն արդեն անցել է մի շարք կլինիկական եւ մինչկլինիկական փորձարկումներ։

«Մենք այս պլատֆորմի վերաբերյալ շատ մեծ տվյալներ ունենք եւ կարող ենք հանգիստ խոսել այս դեղամիջոցի անվտանգության մասին։ Բայց ցանկացած դեղամիջոց, որը լայն կիրառման է դուրս գալիս, պետք է ստանա ավելի մանրամասն, դետալային տվյալներ տարբեր ախտորոշմամբ, իմունիտետի տարբեր վիճակով արդեն ավելի մեծ թվով պացիենտների շրջանում իր կիրառման վերաբերյալ»,- նշել է Մուրաշկոն։

Ներկայումս հետազոտությունների երրորդ փուլի շրջանակում պատվաստանյութն ստացած կամավորների համար աշխատում է հատուկ հեռաբժշկական կենտրոն։

«Այս կենտրոնն անչափ կարեւոր է հետազոտությունների որակի, պատվաստումը կատարելուց հետո առաջացող բոլոր ախտանիշներին հետեւելու համար։ Այստեղ հստակ կանոնակարգված են կլինիկական հետազոտության դիզայնի շրջանակում դիտարկումների ուղեցույցները։ Մոսկվայի մշակած բջջային հավելվածը թույլ է տալիս կատարել տեսազանգեր, եւ օպերատորները, որոնք բոլորը բարձրագույն բժշկական կրթությամբ մանագետներ են, հասանելիություն ունեն բժշկական քարտին, այսինքն՝ այդ թվում տեղյակ են նաեւ պացիենտների քրոնիկական հիվանդությունների մասին։ Սա մեզ թույլ է տալիս ստանալ հետպատվաստումային շրջանի ընթացքի վերաբերյալ տվյալների ամբողջական սպեկտրը»,- նշել է Մուրաշկոն։

«Փորձել ենք այդպես անել առողջապահության նախարարության հետ համատեղ, որպեսզի շփման գործիքները պացիենտների համար առավելագույնս հարմարավետ լինեն: Դա նաեւ հեռուստաբժշկական կենտրոնն է, որտեղ առաջին 3 օրերին պարտադիր կարգով կապ են հաստատում մարդու հետ: Դա նաեւ բջջային հավելվածն է նրանց համար, ովքեր պետք է լրացնեն իրենց առողջության վերաբերյալ ցուցումները: Մենք նաեւ կդիտարկենք էլեկտրոնային ապարանջանները որոշակի կատեգորիայի համար, որը եւս թույլ է տալիս հեռավար ձեւաչափով հետեւել առողջության ցուցումներին: Բոլոր այդ տվյալները լրացվում են բժշկական քարտի վրա, դրանց հետեւում է անմիջապես բժիշկը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան:

Ներկայումս «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն ընթանում է ծրագրին համապատասխան. Ռուսաստանում 3 խոշոր ձեռնարկություններ զբաղվում են պատվաստանյութի արդյունաբերական արտադրությամբ՝ ասել է Մուրաշկոն: Ավելին, դրան զուգահեռ ընթանում է պատվաստանյութի մեծ քանակությամբ դեղաչափի արդյունաբերական մշակումը, այդ թվում լիոֆիլային եւ հեղուկ տեսքով:

Մուրաշկոյի խոսքով՝ ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը մատակարարվում է Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններին: Առաջինը այն կստանան բուժաշխատողները, ուսուցիչներն ու այլ մասնագիտությունների աշխատակիցներ, որոնք շփվում են բնակչության հետ:

«Կարծում եմ՝ արտադրողները մեծ ծավալով մատակարարումները կսկսեն արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին»,- հավելել է Մուրաշկոն:



© NEWS.am Medicine