6 կարեւոր օրգան, որոնց սիգարետի ծուխը կարող է լուրջ վնաս հասցնել

15:19   3 օգոստոսի, 2014

Շատերին թվում է, թե ծխելու հետեւանքները լորձախառը հազով, օրգանիզմի կենարար ուժի կորստով եւ տան դեղնած առաստաղներով են սահմանափակվում: Իրականում սիգարետի ծխի ամենալուրջ հետեւանքները տեսանելի չեն, թեեւ ժամանակի ընթացքում մարդուն կարող են մահվան հասցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Յուրաքանչյուր անգամ սիգարետի ծուխ քաշելիս շուրջ 7 հազար քաղցկեղածին մասնիկներ եք կուլ տալիս, որոնք օրգանիզմի ամենամութ անկյուններն անգամ կարող են հասնել: Բավական է ասել, որ սիգարետը քաղցկեղի առաջացման ամենալուրջ կանխարգելելի պատճառն է համարվում: Միացյալ Նահանգներում տարեկան 480 հազար մարդ է մահանում՝ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից: Ստորեւ 6 կարեւոր օրգան ենք ներկայացնում, որոնք սիգարետի ծխից ամենալուրջ վնասը կարող են ստանալ: 

1. Թոքեր

Թոքերի քաղցկեղը, էմֆիզեման եւ բրոնխիտը անմիջականորեն ծխելու հետեւանք համարվող ամենատարածված հիվանդություններն են հանդիսանում: Թոքերի քաղցկեղի առաջացման դեպքերի 80 տոկոսի պարագայում մեղավորը սիգարետի ծուխն է: Այն ի վիճակի է օրգանի պատերի նուրբ թաղանթը գրգռելով եւ ի վերջո՝ կաթվածահար անելով՝ մեծ քանակությամբ լորձի արտազատման պատճառ դառնալ: Ավելի ուշ, երբ թաղանթն այլես անկենդան է դառնում, եւ լորձի կուտակումներ են սկսվում, շնչառական համակարգը կարող է տուժել: Իսկ երբ առողջ եւ փափուկ հյուսվածքներն ամրություն ու սեւ երանգ են ձեռք բերում, տարատեսակ հիվանդություններ, այդ թվում՝ ասթմա եւ քաղցկեղ կարող են առաջանալ: Թեւ սիրգարետից հրաժարվելու դեպքում կարելի է վիճակի որոշակի կարգավորման հասնել, վնասված հյուսվածքները երբեք չեն վերականգնվում:

2. Մաշկ

Սիգարետի ծուխը բազմատեսակ վնասներ է հասցնում մարդու ամենամեծ օրգանին: Նախ՝ կոսմետիկ փոփոխությունների մասին. ծխող մարդկանց մեծ մասի մոտ աչքերի տակ գոյացած պարկեր, մաշկի կոշտություն, կնճիռներ եւ տարատեսակ հետքեր կարող եք նկատել: Այս բոլորը օրգանի ճկունության կորստի մասին են վկայում: Սակայն վերոհիշյալ հետեւանքները անհամեմատելի են այն մաշկային հիվանդությունների հետ, որոնք ծխելու արդյունքում կարող են առաջանալ: Խոսքը, մասնավորապես, մաշկի քաղցկեղին, տարատեսակ գորտնուկներին եւ փսորիազին, ինչպես նաեւ վերքերի դանդաղ ապաքինմանն է վերաբերում:

3. Արգանդ

Սիգարետը կարող է նաեւ մարդու վերարտադրողական գործառույթի վրա անդրադառնալ: Կանանց պարագայում խոսքը, մասնավորապես, արտաարգանդային հղիության բարձր հավանականության մասին է, երբ սաղմը արգանդից դուրս, հիմնականում՝ ֆալոպյան փողերում է զարգանում:

4. Առնանդամ

Ծխող տղամարդկանց մոտ հաճախ էրեկցիայի ձեռքբերման եւ պահպանման հետ կապված խնդիրներ են առաջանում: Հետազոտությամբ պարզվել է, որ չծխող տղամարդիկ, ծխողների հետ համեմատությամբ, միջինը հինգ անգամ արագ են էրեկցիայի հասնում:

5. Աչքեր

Բացի աչքերի տակ գոյացող պարկերից, ծխելու սովորությունը կարող է նաեւ տեսողության կորստի, մակուլյար դեգեներացիայի, կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային տեռինոպատիայի եւ չոր աչքերի համախտանիշի առաջացման հանգեցնել:

Սիգարետը երկու եղանակով է աչքերի առողջությունը վնասում: Առաջինի դեպքում մեղավորը ծուխն է, որն աչքերը չորացնելու եւ գրգռելու վտանգ է պարունակում: Սակայն չի կարելի մոռանալ նաեւ արյան շրջանառության վրա ազդեցության մասին, ինչի հետեւանքով տեսողական նյարդը կարող է անհրաժեշտ քանակությամբ հակաօքսիդանտներով սնուցումից զրկվել: 

6. Լյարդ

Այս օրգանը միայն ալկոհոլի չարաշահման հետեւանքով չէ լուրջ վնասներ կրում: 2011թ.-ին իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ լյարդի քաղցկեղի առաջացման դեպիքերի գրեթե 50 տոկոսի պարագայում մեղավորը ծխելու սովորությունն է: Մնացած դեպքերի համար էլ պատկերը հետեւյալն է՝. հեպատիտ C` 21 տոկոս, ճարպակալում՝ 16 տոկոս եւ ամենավերջում՝ ալկոհոլի չարաշահում՝ 10 տոկոս:



© NEWS.am Medicine