Թոքերի քաղցկեղը կարելի է կասկածել ձեռքերի վիճակից. մասնագետներ

20:49   22 սեպտեմբերի, 2020

Ձեռքերի մատներն ու եղունգները կարող են շատ բան պատմել մարդու թոքերի վիճակի մասին, հայտնում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները:

Ինչպես հայտնում է Новости Mail.RU-ն, այս բացահայտումը կարող է շատ կարեւոր դեր խաղալ, քանի որ վաղ փուլերում շատ դժվար է հայտնաբերել թոքերի քաղցկեղը: Քաղցկեղի այս տեսակի բնորոշ ախտանիշներն են` հազը, կրծքավանդակի ցավը, խորխը։ Խռխռոցները սովորաբար հայտնվում են բավական ուշ, երբ բուժումն արդեն անարդյունավետ է:

Հայտնի է, որ թոքերի քաղցկեղի զարգացման ֆոնին օրգանիզմում կարող են արտադրվել հորմոնանման քիմիական միացություններ, որոնց ազդեցությամբ ավելի շատ արյուն եւ հեղուկ է մղվում դեպի վերջույթները, հատկապես դեպի մատների ծայրերի հյուսվածքները: Սա կարող է հանգեցնել մատների մեծացման կամ հաստացման:

Հետեւաբար, մատների ծայրերի լայնացումը, խոշորացումը, հաստացումը կարող է թոքերի թաքնված քաղցկեղի կարեւոր ախտանիշ լինել: Ինչ վերաբերում է ձեռքերի եղունգներին, ապա դրանց շուրջ չափազանց փայլուն մաշկը նույնպես կարող է տագնապալի ախտանիշ լինել: Բացի այդ, եթե կողքից նայեք եղունգներին, դրանք կարող են ոչ նորմալ ուռուցիկ լինել․ այս ախտանիշը նույնպես արժանի է ուշադրության:

Հարկ է հիշել, որ թվարկված ախտանիշները միշտ չէ, որ վկայում են թոքերի քաղցկեղի զարգացման մասին: Դրանք կարող են լինել նաեւ թոքերի քրոնիկ ինֆեկցիաների կամ սրտի արատի նշաններ, որոնք, միեւնույն է, պահանջում են մասնագետների ուշադրությունը:

 



© NEWS.am Medicine