Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը կանխելու նոր միջոց

17:47   22 սեպտեմբերի, 2020

Բրիսթոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները գործընկերների միջազգային խմբի հետ համատեղ կորոնավիրուսային S-սպիտակուցում կառուցվածք են գտել, որը կարելի է օգտագործել վարակումը եւ COVID-19-ի ծանր ձեւի զարգացումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է Science գիտական ամսագիրը։ 

Գիտնականները S-սպիտակուցը ատոմների մակարդակում հետազոտելու համար օգտագործել են էլեկտրոնային կրիոմանրադիտակ։ Այս միացությունը, որը նաեւ կոչվում է «սեպ»-սպիտակուց, գտնվում է վիրուսի մակերեւույթին եւ կապվում է ACE2 ռեցեպտորների հետ, որոնք գտնվում են մարդկային բջիջների մակերեւույթին։ Դրա շնորհիվ վիրուսին հաջողվում է թափանցել բջջի մեջ եւ սկսել ռեպլիկացիա (կրկնապատկում)՝ առաջացնելով հյուսվածքների ախտահարումներ։ Ստացված տվյալների վերլուծության հիման վրա գիտնականներին հաջողվել է ստեղծել սպիտակուցի եռաչափ կառուցվածքը։

Նրանք հայտնաբերել են, որ S-սպիտակուցը պարունակում է «գրպան», որի մեջ կա լինոլաթթվի մոլեկուլ, որը մասնակցում է մեծ թվով բջջային ֆունկցիաների, ներառյալ բորբոքային ռեակցիաները եւ իմունային ռեակցիայի զարգացումը։ Այն դերակատարում ունի նաեւ COVID-19-ի ծանր ձեւի զարգացման մեջ, որը բնորոշվում է համակարգային բորբոքմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով եւ թոքաբորբով։

Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործությունը թույլ կտա գտնել ոչ մեծ մոլեկուլներ, որոնք արդյունավետորեն կարգելափակեն «գրպանը»՝ խախտելով S-սպիտակուցի կառուցվածքը եւ այն անկենսունակ դարձնելով։ Նման ռազմավարությունը  հաջողությամբ օգտագործվել է մրսածություն առաջացնող ռինովիրուսի դեմ պայքարում։ Եվ այն կարող է անչափ արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսի դեպքում։



© NEWS.am Medicine