Ամենավնասակար նախաճաշը․ Ի՞նչ չարժե ուտել առավոտյան

09:41   23 սեպտեմբերի, 2020

Նախաճաշին չարժե ուտել արագ պատրաստման շիլաներ, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ առաջացնում ինսուլինի արտադրում։ Այս հորմոնն իր հերթին բերում է գլյուկոզայի մակարդակի նվազման, եւ մարդը շուտով կրկին քաղց է զգում։ Այս մասին հայտնում է բժիշկ-սննդաբան Իննա Կոնոնենկոն (Ռուսաստան)։

Նախաճաշին չհամապատասխանող մթերքների ցանկի մեջ են մտել նաեւ մյուսլիներն ու փաթիլները՝ կաթով կամ հյութով, հայտնում է «Հինգերորդ ալիքի» կայքը։

Կոնոնենկոն նաեւ խորհուրդ չի տալիս առավոտյան ժամերին խմել թարմ քամած հյութ եւ սմուզի, ինչպես նաեւ ուտել բրդուճներ եւ ջեմով կամ շոկոլադի մածուկով հաց։ Բանն այն է, որ մրգային ըմպելիքները մեծ քանակությամբ պարզ շաքար են պարունակում։

«Մի կողմից դա գլյուկոզա է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզա։ Ամբողջ ֆրուկտոզան արագ հայտնվում է լյարդում, որտեղ վերածվում է լյարդային ճարպի։ Այստեղից էլ ստանում ենք քաշի ավելացում»,- ասել է մասնագետը։



© NEWS.am Medicine