Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել միլիոնավոր մարդկանց ուղեղի համար

16:12   24 սեպտեմբերի, 2020

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է առաջացնել Պարկինսոնի հիվանդության զարգացում, պարզել են Ֆլորի նյարդաբանության եւ հոգեկան առողջության ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանք մտավախություն ունեն, որ ապագայում COVID-19 համավարակը կառաջացնի նյարդաբանական խանգարումների լայնածավալ բռնկում, որը կարող է ընդգրկել միլիոնավոր մարդկանց։

Journal of Parkinson’s Disease-ում հրապարակված հոդվածում հետազոտողներն առաջարկել են «կրկնակի հարվածի վարկածը», որի համաձայն կորոնավիրուսը կարող է առաջացնել կենտրոնական նյարդային համակարգի բորբոքումներ, ինչի հետեւանքով ուղեղը նյարդաբանական իրադարձությանն ավելի սուր է արձագանքում ուշ տարիքում։ Այդ իրադարձությունը կարող է լինել վիրուսային ինֆեկցիան՝ պեստիցիդների կամ սովորական ծերացման ազդեցությամբ։ Այդ դեպքում կարող է տեղի ունենալ անոմալ նյարդային ռեակցիա, որը կառաջացնի նեյրոդեգեներացիա եւ Պարկինսոնի հիվանդություն։

Ավելի ու ավելի շատ տվյալներ են հայտնվում այն մասին, որ նոր կորոնավիրուսն օժտված է նեյրոտրոպիկ հատկություններով, ինչը նշանակում է, որ այն կարող է  թափանցել ուղեղի հյուսվածքների մեջ եւ կործանարար էֆեկտ ունենալ։ Նման վիճակ է դիտվել 1918 թվականին գրիպի վիրուսի համավարակի ժամանակ, երբ իսպանկայի ավարտից 5 տարի հետո աշխարհում Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդացությունը գրեթե եռապատկվել է։

Մասնագետների խոսքով՝ վերջին 20 տարում Պարկինսոնի հիվանդության դեպքերը կրկնակի մեծացել են՝ 3-ից մինչեւ 6 միլիոն։ Անգամ առանց համավարակը հաշվի առնելու՝ 2040 թվականին հիվանդությունը կընդգրկի ավելի քան 12 մլն մարդու։



© NEWS.am Medicine