Սուպերտարածողներ. արդյո՞ք նրանք են կորոնավիրուսի համավարակի գլխավոր պատճառը

17:30   24 սեպտեմբերի, 2020

COVID-19-ով վարակման դեպքերի էքսպոնենցիալ աճի հիմնական պատճառը դարձել են այսպես կոչված սուպերտարածողները` վարակված մարդիկ, ովքեր մեծ հավանականությամբ վարակում են առողջ մարդկանց: Այս մասին հայտնում են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի եւ Վարշավայի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում:

Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, որոշ հետազոտողներ ենթադրեցին, որ վիրուսի վերարտադրողական ինդեքսը (մեկ հիվանդից վարակված մարդկանց միջին թիվը) 3.8 է, ինչը կարող է ցույց տալ համավարակի հավանական սկիզբը: Սակայն համակարգչային մոդելավորման արդյունքները ցույց տվեցին, որ 2020 թվականի մարտին եւ ապրիլին այս ցուցանիշը կարող էր հասնել 11-ի` պայմանով, որ սուպերտարածողներ են գոյություն ունեցել:

Սուպերտարածման դրվագներ են տեղի ունենում, երբ վարակված մարդիկ զանգվածային միջոցառումներ են հաճախում, որտեղ միանգամից մեծ թվով առողջ մարդիկ են վարակվում: Համավարակի տարածումը մի քանի անգամ արագանում է, եթե սուպերտարածողներն այնպիսի մասսայական միջոցառումներ են հաճախում, ինչպիսիք են ֆուտբոլային հանդիպումները կամ համերգները:

Այս ենթադրությունը հաստատվում է այն փաստով, որ երբ Իսպանիան եւ Իտալիան սահմանափակումներ մտցրեցին` թույլ չտալով մեծ թվով մարդկանց հավաքվել, նոր վարակումների մակարդակը կտրուկ դանդաղեց:





© NEWS.am Medicine