Էպիլեպսիա. Զգում են արդյոք պացիենտները մոտալուտ նոպան

20:20   24 սեպտեմբերի, 2020

Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ պացիենտների մոտ հանկարծակի ջղաձգումներ են լինում: Այս հիվանդությունն այսօր տարածված է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ:

Երբեմն էպիլեպսիայով պացիենտները կարող են զգալ նոպաների մոտենալը կամ սկիզբը, ինչպես NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում նշեց նյարդաբան եւ քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը: Սակայն շատ դեպքերում նոպան սկսվում է հանկարծ, եւ պացիենտը միայն դրա ավարտից հետո է իմանում, որ նոպա է ունեցել: Սա, ըստ մասնագետի, շփոթեցնում է շատ պացիենտների, քանի որ նրանք զգում են, որ չեն կարող վերահսկել իրավիճակը:

Սովորաբար, էպիլեպտիկ նոպայի առաջացումը կախված է երկու գործոնների համադրությունից՝ ուղեղում, այսպես կոչված, ջղաձգային օջախի ակտիվությունից եւ ուղեղի ընդհանուր ջղաձգային պատրաստվածությունից: Երբեմն էպիլեպտիկ նոպային կարող է նախորդել աուրան՝ այդպես են անվանում այն զգացողությունը կամ ապրումները, որ պացիենտների մոտ կարող է լինել էպիլեպտիկ նոպայից առաջ: Աուրայի դրսեւորումները, ըստ մասնագետների, շատ բազմազան են եւ կախված են այն բանից, թե ուղեղի որ հատվածն է ախտահարված: Դա կարող է լինել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, տագնապի եւ անհանգստության զգացում, համի, փոփոխություն, լսողական կամ տեսողական զգացողության փոփոխություն, գլխապտույտ, «արդեն տեսածի» վիճակ (դեժավյու), կարոտի զգացում եւ այլ զգացողություններ կամ ապրումներ:

Էպիլեպտիկ նոպաներ հրահրող գործոններ կարող են լինել ինչպես օրգանիզմի վիճակը (օրինակ, դաշտանի սկիզբը), այնպես էլ տարբեր արտաքին գործոններ (օրինակ՝ թարթող լույսը):

Նոպաների ռիսկը նվազեցնելու համար էպիլեպսիայով մարդկանց խորհուրդ է տրվում ոչ միայն բուժում ստանալ, այլեւ փորձել խուսափել նոպաներ հրահրող բոլոր գործոններից:

Նյարդաբանի խոսքերով՝ էպիլեպսիայով պացիենտներին խորհուրդ է տրվում նախեւառաջ խուսափել քնի ռեժիմի խանգարումներից, ալկոհոլից եւ այնպիսի դեղամիջոցներից, որոնք կարող են ազդել հակաէպիլեպտիկ դեղերի արդյունավետության վրա:

Խորհուրդ է տրվում նաեւ խուսափել սննդակարգի խանգարումներից, ջրազրկումից եւ սթրեսային իրավիճակներից, որոնք նույնպես կարող են նոպաներ առաջացնել:



© NEWS.am Medicine