Մասնագետները արնահոսությունը մի քանի րոպեում կանգնեցնող միջոց են մշակել

16:27   25 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեեւի անվան քիմիատեխնոլոգիական համալսարանի գիտնականներն աերոգելեր են ստեղծել, որոնք ունակ են արագ դադարեցնել ուժեղ արնահոսությունը: Կենդանիների վրա արված հետազոտությունների ընթացքում նոր միջոցը դադարեցրել է արնահոսությունը 2-3 րոպեում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Աերոգելերի հիմքում խիտոզանն է` ծակոտկեն մասնիկներ, որոնք հարմար են վերքերի մեջ տեղական ներարկման համար: Մասնիկները ուռչում են արյան բաղադրիչները կլանելիս` նպաստելով արյան խիտ մակարդուկի ձեւավորմանը:

Վիճակագրության համաձայն` հենց արյան առատ կորուստն է վնասվածքներից մահվան հիմնական պատճառը: Այդպիսի արնահոսությունը դադարեցնելը հեշտ չէ, եթե օգտագործել միայն սովորական վիրակապային նյութերը: Նման արնահոսությունը կարելի է դադարեցնել ցեոլիտների հիմքով ծակոտկեն նյութերով, սակայն այդ նյութերը կարող են այրվածքներ թողնել մարմնի վրա: Նոր աերոգելերը շատ ավելի անվտանգ են:

«Մշակումը հիմնված է խիտոզանի` հայտնի բիոպոլիմերի վրա, որը ստացվում է խեցեմորթների պատյաններից: Այն բարձր կենսահամատեղելիություն ունի, եւ ուստի խիտոզանն օգտագործվում է պրոթեզների ծածկույթներում (այդ թվում` սրտի արհեստական ​​փականներում), դեղամիջոցների հասցեական առաքման համակարգերում, ոսկորների վերականգնման փայտամածերում եւ այլ կենսաբժշկական նպատակներով: Խիտոզանի հիմքով աերոգել է ստեղծվել` պինդ, ծակոտկեն նյութեր, որոնք 99 տոկոսով բաղկացած են օդից: Դրանք այնքան շատ ծակոտիներ ունեն, որ եթե դրանք բոլորը կարողանային մի մակերեսի վրա բացել, ապա 10 գրամ աերոգելը բավական կլիներ մի ամբողջ ֆուտբոլային խաղադաշտ ծածկելու համար»,- նշվում է ռուս գիտնականների զեկույցում:



© NEWS.am Medicine