Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ

17:36   25 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում տղամարդը չափից շատ է կերել մատուտակով մարմելադ եւ մահացել սրտի կանգից։ Այս դեպքը The New England Journal of Medicine գիտական ամսագրում նկարագրել է Մասաչուսեթսի հիվանդանոցի սրտաբան Նիլ Բութալան։

Սրտաբանի խոսքով՝ 54-ամյա ամերիկացին, որը մինչ այդ հիմնականում ուտում էր մրգային մարմելադ, իր մահվանից 2 շաբաթ առաջ անցել էր մատուտակով կոնֆետների։ Մի օր արագ սնունդի ռեստորանում ճաշելիս նա հանկարծակի ուշաթափվել է։

Պարզվել է, որ տղամարդու արյան մեջ կալիումի մակարդակը վտանգավոր ցածր էր, ինչն առաջացրել է սրտի ռիթմի խախտում։ Շտապօգնության բրիգադը կատարել է վերակենդանացման գործողություններ, բայց հաջորդ օրը պացիենտը մահացել է։

«Մատուտակի նույնիսկ փոքր քանակությունը կարող է բարձրացնել ճնշումը»,- նշել է բժիշկ Բուտալան։

Մատուտակի արմատները պարունակում են գլիցիրինաթթու, որը կարող է մարդու օրգանիզմում ծայրահեղ չափով նվազեցնել կալիումի եւ այլ հանքանյութերի պաշարները։

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը նախազգուշացնում է, որ 2 շաբաթ օրական մատուտակի ընդամենը 55 գրամի գործածումը կարող է խախտել սրտի ռիթմը, հատկապես 40-ն անց մարդկանց մոտ, եւ բերել մահվան ելքի։



© NEWS.am Medicine