Ցինկ, D վիտամին եւ կորոնավիրուս. Ի՞նչ է այս մասին հայտնի այսօր

16:33   28 սեպտեմբերի, 2020

Վերջերս մենք հաճախ ենք տեսնում ուսումնասիրություններ COVID-19 կորոնավիրուսի վարակի ընթացքի վրա այս կամ այն վիտամինների եւ հանքանյութերի մասին։ Մեծ ազդեցություն ունեն D վիտամինը եւ ցինկը։

Փորձենք պարզել, թե ինչ է հայտնի այսօր կորոնավիրուսի վարակի ընթացքի վրա այս կարեւոր տարրերի ազդեցության մասին:

D վիտամինը եւ կորոնավիրուսը

Համարվում է, որ D վիտամինը կարող է բարձրացնել COVID-19-ով պացիենտների գոյատեւումը: Մեծ Բրիտանիայի Առողջապահության եւ առաջավոր փորձի ազգային ինստիտուտի մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսով տառապող մարդիկ ավելի շատ են վտանգված մահավան, եթե D վիտամինի անբավարարություն ունեն:

Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի եւ Արեւելյան Անգլիայի համալսարանի հետազոտողները, իրենց հերթին, նաեւ պարզել են, որ COVID-19 կորոնավիրուսի վարակից մահը հակադարձ համեմատական է օրգանիզմում D վիտամինի պարունակությանը՝ D վիտամինի պակաս ունեցող մարդիկ ավելի հաճախ են մահացել նոր կորոնավիրուսից:

Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն կորոնավիրուսից բարձր մահացության եւ մարդկանց օրգանիզմում D վիտամինի պակասի կապի առկայութան հետ: Օրինակ, վիրուսաբան Ալեքսանդր Չեպուրնովը (Ռուսաստան) կարծում է, որ երկրում D վիտամինի մակարդակի եւ վարակվածների թվի համեմատումը «պատահական զուգադիպության չափազանց մեծ հավանականություն» ունի:

Սուրեյի համալսարանի նոր ուսումնասիրությունը նույնպես վիճարկում է այն տեսությունը, որ D վիտամինի մեծ քանակությունը կարող է օգնել պայքարել COVID-19-ի դեմ եւ խուսափել ծանր ախտանիշներից:

Սակայն ոչ ոք չի կասկածում, որ D վիտամինը շատ կարեւոր դեր ունի օրգանիզմում, եւ որ դրա պակասը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում` սրտանոթային համակարգի եւ ոսկորների հետ կապված:

Ցինկը եւ կորոնավիրուսը

Ցինկը նույնպես կարեւոր դեր է խաղում օրգանիզմում, մասնավորապես այն նպաստում է լեյկոցիտների արտադրությանը, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ: Հետեւաբար, համարվում է, որ ցինկի ցածր մակարդակը կարող է հանգեցնել իմունային համակարգի հետ կապված խնդիրների:

Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրգանիզմում ցինկի անբավարարությունը կարող է մեծացնել COVID-19-ի բացասական ելքի ռիսկը:

Գիտնականները հաշվարկել են, որ արյան պլազմայում ցինկի յուրաքանչյուր լրացուցիչ միկրոգրամը 7%-ով նվազեցնում է COVID-19-ից մահվան հավանականությունը: Արյան մեջ ցինկի մակարդակը մեկ դեցիլիտրում 50 միկրոգրամից ցածր լինելու դեպքում կորոնավիրուսից մահանալու ռիսկը 2,3 անգամ ավելի բարձր է, քան ցինկի ավելի բարձր խտության դեպքում:

Նշենք, որ ցինկը պարունակվում է կենդանական ծագման տարբեր մթերքներում, որոնց թվում են ծովամթերքնեը, տավարի միսը, ձուն: Ցինկի խորհուրդ տրվող օրական չափաբաժինը տղամարդկանց համար 11 միլիգրամ է, կանանց համար՝ 8 միլիգրամ:

Պե՞տք է արդյոք ցինկ եւ D վիտամին ընդունել

D վիտամինն ու ցինկը, իհարկե, շատ կարեւոր են օրգանիզմի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է սկսել դրանց պարունակությամբ սննդային հավելումներ ընդունել: Հիշեք, որ վիտամինների եւ հանքանյութերի ավելցուկը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան դրանց պակասը: Նախքան ցանկացած միջոցի, այդ թվում առաջին հայացքից անվնաս վիտամինների ընդունումը, խորհուրդ է տրվում դիմել բժշկի: Կարելի է նաեւ նույն վիտամինների եւ հանքանյութերի պարունակության որոշման համար անալիզներ հանձնել՝ հասկանալու համար արդյոք ձեր օրգանիզմում դրանց անբավարարություն կա, եւ պետք է արդյոք որեւէ բան ձեռնարկել։



© NEWS.am Medicine