Գիտնականները քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նոր մեթոդ են գտել

16:12   29 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ-ում Սանֆորդ Բերնեմ Փրեբիս գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները բջջային մեխանիզմ են գտել, որի արգելափակումը թույլ է տալիս պայքարել քաղցկեղային բջիջների դեմ, ընդ որում՝ չվնասելով առողջ բջիջները։ Խոսքը բջջի կորիզում սպիտակուցային անցքերի սինթեզի մասին է, որոնցով իրականացվում է տարբեր նյութերի փոխադրումը, հաղորդվում է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հետազոտողները ստուգել են վարկած, որի համաձայն՝ քաղցկեղային բջիջների զարգացումը եւ բազմացումը ուժեղ կախում ունի կորիզային անցքերով մոլեկուլների շարժումից։ Արագ կիսվող բջիջների, հատկապես ուռուցքային բջիջների մոտ տեղի է ունենում նոր սպիտակուցային համալիրների արագ ստեղծում, որոնցից առաջանում են կորիզային անցքեր։ Այս պատճառով այդ համալիրներին ուղղված դեղամիջոցները պետք է ոչնչացնեն միայն չարորակ բջիջները։

Հետազոտության ժամանակ մկներին փոխպատվաստել են մարդու ուռուցքային բջիջներ (մելանոմա, լեյկեմիա եւ կոլորեկտալ քաղցկեղ)։ Այն մկների շրջանում, որոնց մոտ ճնշել էին համալիրների  կորիզային անցքերի ստեղծման պրոցեսը, դիտվել է քաղցկեղի դանդաղ աճ եւ ուռուցքների ավելի փոքր չափեր։

Գիտնականները ներկայումս ցանկանում են գտնել համապատասխան դեղամիջոցներ, որոնք կորիզի թաղանթում սպիտակուցային ուղիներն արգելափակում են։ Մասնագետները կարծում են, որ բուժման այսպիսի մեթոդը նաեւ կանխում է ուռուցքային բջիջների դեղորայքային կայունության զարգացումը։



© NEWS.am Medicine