Վիրավորումների գրեթե 100 տոկոսը ականապայթյունային վիրավորումներ են. նախարար

10:34   6 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի հարձակման արդյունքում ստացված վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 100 տոկոսը, ականապայթյունային վիրավորումներ են, ոչ հրազենային: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պատերազմը, այնպես է ստացվել, որ օդային կամ հրետանային, կամ թռչող անօդաչու սարքերով պատերազմ է, եւ մեր վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային է՝ մարմնի մեջ բազմաթիվ բեկորներով: Եվ հենց այդ բեկորներն են, կամ պայթյունի ուղիղ ուժը, որ առաջացնում են վիրավորումը կամ, դժբախտաբար, նաեւ մահը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, սարքավորումներով, ինչպես նաեւ արյան պաշարներով: Ադրբեջանի հարձակման արդյունքում վիրավորում ստացած մարդիկ այս պահին ամբողջ բժշկական ոլորտի ուշադրության կենտրոնում են:

«Մատակարարումները արվում են անխափան, բոլոր անհրաժեշտ պարագաների եւ բժշկական անձնակազմի, երբեմն իրենք են խնդրում, որ գնան ու օգնեն Արցախի կոլեգաներին: Մենք երբեմն նույնիսկ մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի, եւ ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով: Ինչպես նաեւ կատարում ենք օպերատիվ կառավարում, երբ հասկանում ենք, որ մի կետում այդ պահին օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է լինում ուժերի կենտրոնացում, եւ մեկ ուրիշ տեղ ավելի հանգիստ է, արագ տեղափոխումները կատարվում են Արցախի մեջ՝ մի բժշկական հիմնարկից մեկ այլ,- դա վերաբերվում է ոչ միայն բժշկական անձնակազմին, այլ ամեն ինչին,- ինչպես նաեւ Հայաստանից Արցախ»,- ասաց նախարարը:



© NEWS.am Medicine