Վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության են. առողջապահության նախարար

12:12   6 հոկտեմբերի, 2020

Հայաստանի եւ Արցախի բուժհաստատություններում գտնվող վիրավորների մեծամասնության վիճակը թեթեւ է կամ միջին ծանրության: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորներ էլ, իհարկե, ունենք, որոնք, կազմելով միգուցե ավելի փոքր տոկոս վիրավորների ընդհանուր թվի մեջ, պահանջում են առավել շատ ուշադրություն, եւ հենց նրանց է ուղղված բժշկական հաստատությունների եւ անձնակազմի ամենամեծ ուշադրությունը, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա, եւ նրանք փրկվեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ծանր վիրավորումներով որոշ զինծառայողներ, դժբախտաբար, մահանում են մինչեւ բուժհաստատություն հասնելը:

Անդրադառնալով բուժհաստատությունների՝ հրետակոծություններից պաշտպանված լինելու հարցին, նախարարը նշեց, որ, վերլուծելով հակառակորդի գործողությունները եւ այն փաստը, որ նրանք տարբերություն չեն դնում քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների միջեւ, կարելի է եզրակացնել, որ նրանք զերծ չեն մնա նույնիսկ հիվանդանոցներին հարվածելուց:

«Դրանով պայմանավորված՝ մենք ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես ունենք պահեստային պլաններ՝ ծառայությունները կազմակերպելու համար, Արցախի հանրապետությունում գտնվող բոլոր հիվանդանոցային հաստատությունների համար»:



© NEWS.am Medicine