Ասթման չի մեծացնում COVID-19-ի ծանր ընթացքի եւ մահվան հավանականությունը․ հետազոտություն

14:10   9 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսով վարակված ասթմայով պացիենտները հոսպիտալացման եւ մահացության բարձր ռիսկ չունեն։ Բացառված չէ, որ ինհալյացիոն կորտիկոստերոիդները, որոնք այս հիվանդության դեպքում կիրառվում են որպես բազային թերապիա, կարող են ունենալ պաշտպանական էֆեկտ։ Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը նախնական հրապարակվել է medrxiv կայքում։

Բոստոնի առողջապահության համակարգի գիտնականները հետազոտության շրջանակում COVID-19-ով 562 պացիենտների տվյալները, որոնց մոտ ախտորոշված էր ասթմա, համեմատել են նույն տարիքի 2686 պացիենտների տվյալների հետ, որոնց մոտ ասթմա չի եղել։ Պարզվել է, որ երկու խմբերի մարդիկ հոսպիտալացման կարիք են ունեցել նույն հաճախականությամբ (հիվանդանոցում են հայտնվել պացիենտների 18-ից մինչեւ 21 տոկոսը), իսկ թոքերի արհեստական օդափոխության կարիքը նույնիսկ մի փոքր քիչ է՝ 3 տոկոս ընդդեմ 4 տոկոսի։

Այս հետազոտության ամենազարմանալի բացահայտումն այն է, որ ասթմատիկների շրջանում մահացության հավանականությունը եղել է 70 տոկոսից պակաս, քան այդ հիվանդությունը չունեցող պացիենտների շրջանում։ Ծանր ասթմայով հոսպիտալացված 44 պացիենտներից ոչ մեկը կորոնավիրուսային ինֆեկցիայից չի մահացել։

«Այս արդյունքների վրա ազդող գործոնները դեռեւս բավարար հետազոտված չեն, բայց կարելի է ենթադրել, որ ասթմայի դեմ դեղերը, ինչպես՝ կորտիկոստերոիդները, որոշ պաշտպանական էֆեկտ ունեն»,- նշում են հեղինակները։

Տարբեր երկրների 15 հետազոտությունների վերջերս կատարված ամփոփումը, որ իրականացրել են Կոլորադոյի համալսարանի գիտնականները, նույնպես չի հայտնաբերել կորոնավիրուսով ասթմատիկների շրջանում ծանր ընթացքի եւ մահացության բարձր ռիսկ։ Հետազոտության հեղինակները նշել են, որ այս հիվանդությամբ մարդկանց ԹԱՕ սարքին միացվելու հավանականությունը ավելի բարձր չէ, քան մյուս պացիենտների դեպքում։



© NEWS.am Medicine