Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 101 տոկոսով. հիվանդանոցներում այժմ գտնվում է ավելի քան 1600 պացիենտ

17:44   12 հոկտեմբերի, 2020

Վերջին 14 օրվա ընթացքում՝ համեմատած նախորդ 14 օրերի հետ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճը կազմել է 101%: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներում այժմ գտնվում է ավելի կորոնավիրուսով վարակված ավելի քան 1600 պացիենտ, իսկ գրեթե 7200 պացիենտ հիվանդության թեթեւ կամ ծանր ընթացքով բուժում է անցնում տնային պայմաններում: Քանի որ այժմ հիվանդանոցներում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են միայն կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին. մյուսներին բուժում են տնային պայմաններում:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն:

Նոր դեպքերի թվի աճը մասնագետները բացատրում են նրանով, որ շատ մարդիկ սկսել են չհետեւել անվտանգության կանոններին. շատերը դիմակ չեն կրում փակ տարածքներում՝ նույնիսկ լցված տրանսպորտում, ինչը նպաստում է վարակի էլ ավելի տարածմանը: Ավելին, հենց վարակակիրները, որոնց ամբուլատոր բուժում են ստանում, ոչ միշտ են հետեւում ինքնամեկուսացման կանոններին. դուրս են գալիս տնից եւ դրանով կարող են վարակել մյուսներին:

«Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Այդ ամենը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը: 

Բուժաշխատողները չեն կարող թողնել վիրավորներին եւ զբաղվել վարակված պացիենտներով, այդ պատճառով մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք հիվանդության տարածումը»,-ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաեւ վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին:

«Այժմ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ գիտակից դառնան: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բուժաշխատողները չեն կարող պայքարել երկու ճակատում: Մարդիկ պետք է հասկանան, որ պետք է անեն իրենց ուժերի չափով գոնե չնչինը, որպեսզի օգնեն առողջապահական համակարգին: Ընդամենը պետք է հետեւել պարզ կանոնների՝ կրել դիմակ, լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Եթե յուրաքանչյուրը հասկանա այս կանոնների կարեւորությունը, ապա մենք կկարողանանք կրճատել վիրուսի տարածումը, եւ բուժաշխատողներն ավելի շատ ժամանակ ու ռեսուրսներ կունենան վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար»,-ասաց մասնագետը:     



© NEWS.am Medicine