Ինչու է կորոնավիրուսի հակամարմինների մակարդակը նվազում

19:47   19 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսի հակամարմինների մակարդակի իջեցման գործընթացը բոլորովին էլ իմունիտետի թուլացման նշան չէ: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Պաստերի անվան Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանության եւ մանրէաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը:

«Հակամարմինների մակարդակի իջեցումը չի նշանակում իմունիտետի վերացում, քանի որ ձեւավորվում են «հիշողության բջիջներ» եւ հակամարմիններ արտադրող բջիջներ, որոնք վիրուսի հետ կրկին հանդիպման դեպքում պետք է իմունային պաշտպանություն ապահովեն»,- ասել է մասնագետը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ՌԳԱ ակադեմիկոսը նշել է, որ այս բջիջների շնորհիվ շատ պացիենտներ, ովքեր ունեցել են COVID-19 կորոնավիրուսային վարակ, կրկին չեն վարակվում: Ըստ նրա, հակամարմինները արտադրվում են նաեւ վարակի անախտանիշ ընթացքի դեպքում, բայց միեւնույն ժամանակ, դրանք ավելի քիչ կայուն են լինում, քան ակնհայտ ախտանիշների դեպքում։

«Սրա հետ կապված՝ չափազանց կարեւոր հարց է այդ անձանց բջջային իմունիտետի ուսումնասիրությունը եւ այն հարցի պատասխանի որոնումը, թե ձեւավորվում է արդյոք նրանց մոտ բջջային իմունիտետ, թե ոչ»,- ասել է Թոթոլյանը:

Մասնագետը հավելել է, որ բացարձակապես բոլորը, անկախ նրանից հիվանդացել են, թե ոչ, պետք է պահպանեն կորոնավիրուսի «ոչ սպեցիֆիկ կանխարգելման» միջոցառումները, այդ թվում՝ պաշտպանիչ դիմակներ կրեն, սոցիալական հեռավորություն պահպանեն եւ ձեռքերը պարբերաբար ու մանրակրկիտ լվանան:



© NEWS.am Medicine