Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր ախտանիշի մասին

09:53   20 հոկտեմբերի, 2020

Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Թագավորական ազգային կոմիտեի գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսով վարակվելու մասին կարող են վկայել լսողության փոփոխությունները։

Պացիենտների մի մասը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մինչ ախտորոշման հաստատումը գանգատվել են տինիտուսից՝ ականջներում զնգոց կամ աղմուկ, հայտնում է Express-ը։ Նաեւ դեպքեր են գրանցվել, երբ COVID-19-ի ծանր ձեւը հաղթահարած պացիենտների մոտ այս ախտանիշը հետագայում վերափոխվել է լսողության մասնակի կամ ամբողջական կորստի։

Հետազոտողների խոսքով՝ չնայած ներկայումս կորոնավիրուսին եւ դրա հետ կապված ախտանիշներին նվիրված բավականին շատ աշխատանքներ կան, դրա հետեւանքով լսողության խանգարումների մասին առայժմ բավանակին քիչ է հայտնի։ Ուստի նրանք բժիշկներին կոչ են արել ավելի շատ ուշադրություն դարձնել ինֆեկցիայի նման դրսեւորումներին։

Մասնագետները միաժամանակ նշել են, որ տինիտուսը կարող է լինել նաեւ ուրիշ հիվանդությունների նշան։ Իսկ եթե մարդը վարակված է հենց կորոնավիրուսով, նրա մոտ լսողության խանգարումը կուղեկցվի նաեւ այլ, ավելի տարածված ախտանիշներով։



© NEWS.am Medicine