Մանկական շշերի մանրէազերծումը կարող է վտանգավոր լինել․ գիտնականներ

09:45   21 հոկտեմբերի, 2020

Տրինիտի քոլեջից (Դուբլին, Իռլանդիա) գիտնականները միկրոպլաստիկի մասնիկներ են գտել պոլիպրոպիլենե շշերում, որոնցով նորածիններին կերակրում են կաթի խառնուրդով։ Գիտնականների կարծիքով՝ այս մասնիկները հայտնվում են պոլիպրոպիլենի եւ եռացրած ջրի փոխազդեցությամբ։ Ուստի գիտնականները կոչ են անում վերանայել մանկական շշերի մանրէազերծման մոտեցումները։

Մասնագետները հետազոտության ժամանակ մանկական շշերը մշակել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Իռլանդիայի առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դրանք նախ մանրէազերծել են 5 րոպե պահելով 95 աստիճանի ջրի մեջ։ Այնուհետեւ շշերը չորացրել են եւ դրանց մեջ լցրել 70 աստիճանի ջուր կաթի խառնուրդ պատրաստելու համար, որից հետո խառնվել է չոր խառնուրդը, եւ շշի պարունակությունը թափահարվել է մեկ րոպե։

Այս գործողությունների հետեւանքով շշի մեջ առաջացել են պլաստիկի մեծ թվով միկրոմասնիկներ․ դրանց խտությունն անցել է լիտրին մի քանի միլիոն մասնիկից, ընդ որում՝ բոլոր մակնիշի շշերում։ Պլաստիկի առողջության համար պոտենցիալ վտանգավոր նման քանակությունը հայտնվել է պատրաստված խառնուրդում նաեւ ջրատարի, այլ ոչ թե թորած ջրի օգտագործման դեպքում։

Գիտնականները պարզել են, որ մասնիկների խտության վրա ամենից ուժեղ ազդել է մանրէազերծելիս ջրի ջերմաստիճանը եւ ուժը, որով շիշը թափահարել են։



© NEWS.am Medicine