Գիտնականները պատվաստանյութ են մշակել դեմենցիայի մահացու տեսակի դեմ

23:22   21 հոկտեմբերի, 2020

Հարավային Ֆլորիդայի Առողջապահության համալսարանի գիտնականները պատվաստանյութ են մշակել, որը կարող է օգնել Ալցհեյմերով` դեմենցիայի մահացու եւ անբուժելի տեսակով տառապող մարդկանց: Նոր հետազոտությունը հրապարակվել է Journal of Alzheimer's Disease-ում:

Ըստ MedicalXpress-ի` նախակլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ E22W42 DC դենդրիտային պատվաստանյութը, որն ուղղված է բետա ամիլոիդի (օլիգոմերային Aβ) պեպտիդի նյարդատոքսիկ ձեւերի դեմ, անվտանգ է հիվանդների համար եւ կարող է իմունային պատասխան առաջացնել ամիլոիդային վահանակների կոշտ նստվածքների ձեւավորմանը, որոնք նյարդային բջիջների մահվան հիմնական պատճառն են համարվում:

E22W42 DC պատվաստանյութը հիմնված է դենդրիտային բջիջների վրա, որոնք օրգանիզմի իմունային համակարգին ներկայացնում են Aβ հակագենը:

Սա հակամիլոիդ պատվաստանյութերի առաջին կլինիկական փորձարկումը չէ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար, սակայն դրանցից ոչ մեկը դեռ հաջողությամբ չի ավարտվել: Պատվաստանյութերից մեկի փորձարկման ժամանակ, օրինակ, մի քանի հիվանդի մոտ կենտրոնական նյարդային համակարգի բորբոքում էր առաջացել:

Մասնագետների կարծիքով` նոր դեղամիջոցը չպետք է գերխթանի տարեց մարդկանց իմունային համակարգը` օրգանիզմի պաշտպանիչ արձագանքը կարգավորող դենդրիտային բջիջների առկայության հաշվին:



© NEWS.am Medicine