Գրիպի ժամանակ ո՞ր դեպքում է կարելի հակաբիոտիկներ ընդունել

13:56   22 հոկտեմբերի, 2020

Ցրտերի գալուն պես սկսվում է գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը, որոնք այժմ տարածվում են կորոնավիրուսին զուգընթաց:

Ինչպես հայտնում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը, գրիպը որպես կանոն ամենից ծանր են տանում երեխաներն ու 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ: Ռիսկի խմբում են նաեւ թոքերի քրոնիկ հիվանդություններ, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ: Իմունադեֆիցիտային վիճակով պացիենտները եւ հղի կանայք եւս կարող են բախվել գրիպի պատճառով բարդացումների հետ:

Ինչպես հայտնի է, գրիպը հեշտությամբ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ կեղտոտ ձեռքերի միջոցով: Գրիպի հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, սարսուռը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, մկանային ցավը, ուժասպառությունը, ախորժակի անկումը, ինչպես նաեւ սրտխառնոցը:

Որպես կանոն՝ ախտանիշները պահպանվում են մոտ 5 օր: Եթե ջերմությունը երկար է պահպանվում, ապա դա կարող է ցույց տալ, որ բարդացումներ զարգացում: Գրիպի ժամանակ ամենից հաճախ հանդիպող բարդացումներից են թոքաբորբը (մահվան հավանականությունը՝ 40 տոկոս), էնցեֆալիտները, մենինգիտները, քրոնիկ հիվանդությունների սրումը: Իսկ հղի կանանց մոտ կարող են լինել տարբեր բարդացումներ, այդ թվում պտղի ախտաբանություն:

Բժիշկները զգուշացնում են, որ գրիպով վարակվելու ժամանակ չի կարելի առաջին օրերին հակաբիոտիկներ կիրառել, քանի որ դրանք նախատեսված են մանրէների, այլ ոչ թե վիրուսների դեմ պայքարի համար: Հակառակը, դրանք կարող են վատացնել գրիպի ժամանակ պացիենտի վիճակը:

Մասնագետների խոսքով՝ դրանք կարելի է կիրառել այն դեպքում, եթե պացիենտի մոտ զարգացել են բարդացումներ: Սակայն նույնիսկ այդ դեպքում ինքնուրույն հակաբիոտիկներ կիրառել չի կարելի, դրանք պետք է նշանակի բժիշկը:



© NEWS.am Medicine