Ինչո՟ւ է այդքան կարեւոր օդափոխել փակ տարածքներն աշնանը

15:32   22 հոկտեմբերի, 2020

Փակ տարածքներում օդի մեջ կորոնավիրուս եւ այլ վիրուսներ պարունակող աէրոզոլային մասնիկների եւ միկրոկաթիլների քանակը նվազեցնելու համար բավարար է բացել պատուհանը կամ միացնել օդորակիչը: Ինչպես պարզել են Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները, այս պարզ գործողությունները կարող են 1.5-2 անգամ կրճատել վիրուսային մասնիկների քանակն օդում:

Ըստ ՏԱՍՍ-ի` հետազոտողները պնդում են, որ երբ մենք բացում ենք պատուհանը, սենյակից դուրս է գալիս միկրոնի չափի խոնավության կաթիլների մոտ 70 տոկոսը: Իսկ օդորակիչները հեռացնում են բոլոր մասնիկների կեսից ավելին, որոնք արտանետվում են օդ խոսելիս կամ շնչելիս: Սակայն կարեւոր է հիշել, որ մնացած մասնիկները նստում են տարբեր մակերեւույթների վրա եւ այնուհետեւ կարող են կրկին հայտնվել օդի մեջ:

Գիտնականները հաշվարկել են, թե ինչպես են աէրոզոլի մասնիկները եւ միկրոկաթիլները շարժվելու դասասենյակում կամ համալսարանական լսարանում, որտեղ բացվող պատուհաններ կամ օդի մաքրման եւ օդորակման համակարգ կա: Պարզվել է, որ մասնիկների եւ կաթիլների զգալի մասը, որոնք մարդիկ շնչելիս արտանետում են սենյակում, հեշտությամբ հասնում են իրենց դասընկերներին կամ լսարանին. միջին հաշվով դրանք կարող են 2-2.5 մետր հեռավորություն հաղթահարել:

Օդափոխումը եւ օդորակիչը կարող են զգալիորեն նվազեցնել վտանգավոր մասնիկների քանակը: Ըստ գիտնականների` երբ պատուհանը բաց է, սենյակից դուրս է թռնում աերոզոլի մասնիկների մոտ 40 տոկոսը, ինչը նվազեցնում է վարակի տարածման ռիսկը:




© NEWS.am Medicine