Գիտնականները բացատրել են կորոնավիրուսի հետեւանքով ուղեղի վնասվածքը

19:19   23 հոկտեմբերի, 2020

Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները բացատրել են պոտենցիալ վտանգավոր բարդությունները, որոնք անդրադառնում են նյարդային համակարգի վրա, եւ որոնց բախվում են COVID-19-ով պացիենտներից ոմանք։

Գիտնականների խոսքով՝ այսպիսի խախտումներն առաջանում են ոչ թե բուն կորոնավիրուսի, այլ իմունային համակարգի ակտիվացման պատճառով։ Neurology գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հակիճ ներկայացվել են MedicalXpress-ում մամուլի հաղորդագրությամբ։

Հետազոտողները անալիզի են ենթարկել ողնուղեղի հեղուկի նմուշները, որոնք վերցվել են կորոնավիրուսային չափավոր կամ ծանր ինֆեկցիայով հոսպիտալացված պացիենտներից, որոնց մոտ եղել են նաեւ գլխուղեղի ախտահարման նշաններ։ Այս պացիենտներից յուրաքանչյուրի մոտ դիտվել է նեոպտերինի բորբոքման եւ բետա-2-միկրոգլոբուլինի մարկերների նկատելի բարձր մակարդակ, ինչը վկայում է գլխուղեղի իմունային բջիջների զգալի ակտիվացման մասին։

Ընդ որում՝ գիտնականները չեն նկատել մարկերների վրա հեմատոէնցեֆալիկ պատնեշի ազդեցության, նյարդային համակարգի հակամարմինների ակտիվացման կամ լեյկոցիտների մեծ քանակության նշաններ, ինչը սովորաբար դիտվում է ուղեղի մեջ ինֆեկցիայի ներթափանցման դեպքում։ Անալիզի արդյունքները նաեւ ցույց են տվել, որ վիրուսն առկա չէր ողնուղեղի հեղուկում։

Գիտնականների խոսքով՝ ախտանիշների հիմքում ընկած մեխանիզմներն, ըստ երեւույթին, տարբերվում են մյուս վիրուսային ինֆեկցիաների մեխանիզմներից։ Հետեւաբար անհրաժեշտ է անցկացնել նոր հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր հակազդել SARS-CoV-2-ով վարակման հետեւանքներին, որոնք անդրադառնում են ուղեղի վրա։



© NEWS.am Medicine