Պատահական չէ, որ թշնամին մեր վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. մասնագետ

23:08   23 հոկտեմբերի, 2020

Այսօր Հայաստանը երկու ճակատով է պատերազմում՝ երկրի սահմանների պաշտպանության համար եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ: Սակայն վարակի դեմ պայքարում մենք ունենք նահանջ, քանի որ վարակակիրների թիվը օրեցօր աճում է: Այս մասին լրագրողներին ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:

Նրա խոսքով՝ վարակակիրների թվի աճը պայմանավորված է նրանով, որ հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ, դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Հակահամաճարակային կանոնները չպահելու հետեւանքով այսօր, օրինակ, կորոնավիրուսով վարակվելու 2474 նոր դեպք է գրանցվել՝ մի քանի անգամ ավելի շատ, քան պանդեմիայի առաջին ալիքի ժամանակ էր գրանցվում: Մի քանի տասնյակ պացիենտ միացած են թոքերի արհեստական օդափոխման սարքերին, իսկ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը արդեն մի քարի հարյուր է: Վարակի պատճառով մահացածների թիվը հասել է 1145, նրանցից 14-ը մահացել են նախորդ օրվա ընթացքում:

«Պատահական չէ, որ թշնամին մեր վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը: Նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Հաղթելով նրա դաշնակցին, մենք կթուլացնենք հենց իրեն եւ կմոտեցնենք մեր հաղթանակը», - նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ հարկ է հիշել, որ կորոնավիրուսի տարածումը հանգեցնում է ոչ միայն պետության ծախսերի ավելացման, այլ նաեւ գերծանրաբեռնում է առողջապահական համակարգը, ստիպում է բուժախշատողներին զբաղվել ոչ թե վիրավորումներ ստացած զինվորներով, այլ վարակակիրներով:

«Վարակվածները դուրս են մնում հայրենիքի համար մղվող պայքարից՝ ինչպես իրենց բուժման ողջ ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ ապաքինման համար անհրաժեշտ դեռեւս երկար ժամանակահատվածում: Դուրս են մնում նաեւ վարակիչ եւ վարակված լինելու մեջ կասկածվողները: Ի վերջո, վարակը մենք կարող ենք փոխանցել մեր սահմաններում մարտնչողներին: Պետք է առողջ մնան մեր հայրենիքի պաշտպանները, մեր բուժաշխատողները, մենք, քանի որ այսօրվա մեր պայքարը ուղղված է ոչ թե վերջին 30 տարիների, այլ 500 տարիների ընթացքում մեր ազգի եւ երկրի առջեւ ծանրացած խնդիրների լուծմանը», - ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ համաճարակին հաղթելու համար անհրաժեշտ է ավելի կարգապահ լինել՝ հետեւելով հակահամաճարակային բոլոր կանոններին, նաեւ հորդորելով շրջապատին հետեւել դրանց: Կանոնները պարզ են՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահպանել:



© NEWS.am Medicine