Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը Հայաստանում 1.5 տոկոս է. փոխնախարար

19:31   26 հոկտեմբերի, 2020

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահացության ցուցանիշը 1.5 տոկոս է, իսկ առավելագույնը պանդեմիայի ընթացքում հասել է 2 տոկոսի: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում կորոնավիրուսային վարակից մահացության տարբեր ցուցանիշներ են գրանցվում: Որոշ երկրներում այդ ցուցանիշը հասել է նույնիսկ 10 տոկոսի: Հայաստանի ցուցանիշը բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ բավական ցածն է համարվում: Սակայն հիվանդության լայն տարածումն այսօր մի շարք լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Փոխնախարարի խոսքով՝ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում ակտիվ բուժում ստացող COVID-19-ով հիվանդների թիվը եղել է 10-11 հազար, հիմա կրկնակի ավել է՝ 25-26 հազար: Եւ չնայած մեծամասնությունը արտահիվանդանոցային բուժում են ստանում (հոսպիտալացվում են միայն ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտները), առողջապահական համակարգը միեւնույն է գերծանրաբեռնված է աշխատում: Նույնիսկ այսօր արդեն քիչ չեն մարդիկ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն հիվանդանոցներում դեռ ազատ մահճակալներ չկան:

Լենա Նանուշյանի խոսքով՝ նոր դեպքերի ավելացումը կարող է անվերջ լինել, եթե որեւէ քայլ չձեռնարկենք՝ հիվանդության տարածումը կանխարգելելու համար:



© NEWS.am Medicine