Ասպիրինը կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում. հետազոտություն

15:51   27 հոկտեմբերի, 2020

Համավարակի սկզբում մասնագետները խորհուրդ չէին տալիս ասպիրին ընդունել կորոնավիրուսային վարակի դեպքում, բայց վերջերս Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ ասպիրինը կարող է օգտակար լինել COVID-19 տառապող հիվանդների շրջանում մահացության մակարդակի նվազեցման եւ հիվանդության ծանր ախտանիշների դեմ: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Anesthesia and Analgesia ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են տարբեր ծանրության COVID-19-ով 412 հոսպիտալացված հիվանդ: 314 մարդ ասպիրին չի ստացել, իսկ մնացած 98-ն այն ընդունել են հիվանդանոց տեղափոխվելուց հետո 24 ժամվա ընթացքում կամ հոսպիտալացումից 7 օր առաջ: Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է ասպիրինն ազդել թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) միանալու անհրաժեշտության վրա, ինչպես նաեւ` վերակենդանացման բաժանմունք ընդունվելու եւ մահացության վրա:

Պարզվել է, որ ասպիրին օգտագործած հիվանդների խմբում 35.7 տոկոսն արհեստականա օդափոխության կարիք է ունեցել` այս դեղը չընդունողների 48.4 տոկոսի համեմատ: Ավելին, ասպիրինը 12.2 տոկոսով նվազեցրել է ինտենսիվ թերապիայի անհրաժեշտության ռիսկը: Արտաքին գործոնները հաշվարկելուց հետո հետազոտողները պարզել են միանշանակ կապն ասպիրինի օգտագործման եւ ծանր ախտանիշների զարգացման հավանականության եւ հիվանդանոցում մահացության միջեւ:

Գիտնականների խոսքով` ասպիրինի օգտագործման եւ կորոնավիրուսից թոքերի վնասվածության եւ մահացության միջեւ պատճառահետեւանքային կապը պարզելու համար անհրաժեշտ է պատահականացված վերահսկվող հետազոտություն անցկացնել:





© NEWS.am Medicine