Որքա՞ն երկար են COVID-19-ով հիվանդները վարակիչ մնում

10:57   30 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսով հիվանդները վարակիչ են ախտանիշների ի հայտ գալուց 2 օր առաջ եւ հիվանդության առաջին օրը: Այսպիսի կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական եւ վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով` մարդը վարակիչ է դառնում դեռ ախտանիշների ի հայտ գալուց 3-4 օր առաջ:

 «Հիվանդն առավել վարակիչ է ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ եւ հիվանդության առաջին օրը: Միջինում մարդը վարակիչ է դառնում ախտանիշների ի հայտ գալուց 3-4 օր առաջ (հազվադեպ` 7 օր առաջ) եւ հիվանդության առաջին 5 օրվա ընթացքում: Հիվանդության վերջին փուլերում վիրուսի փոխանցումը քիչ հավանական է»,- ասել է Պշենիչնայան:

Մասնագետը հիշեցրել է, որ կորոնավիրուսը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Խոսելու ընթացքում յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ ավելի քան 200 վիրուսային մասնիկ կարող է արտազատվել: Ուստի կանխարգելման ամենապարզ եւ արդյունավետ միջոցը, ըստ պրոֆեսորի, դիմակ կրելն է, որը կանխում է վիրուսներով կաթիլների ներթափանցումը շնչառական տրակտ եւ վիրուսների տարածումը վարակվածների շփման ժամանակ:



© NEWS.am Medicine