Կորոնավիրուսը կարող է 10 տարով «ծերացնել» ուղեղը

21:44   30 հոկտեմբերի, 2020

Կորոնավիրուսը կարող է ծայրաստիճան բացասական ազդեցություն ունենալ ուղեղի վրա. մի քանի հետազոտություն դա արդեն հաստատել է: Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետների նոր աշխատանքը ցույց է տվել, որ որոշ ծանր դեպքերում ճանաչողական ցուցանիշների անկում է նկատվում, որն ուղեղի` 10 տարով ծերացման է համարժեք:

Ըստ Alkhaleej Today-ի` հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ավելի քան 84.000 մարդու տվյալները: Ինչպես պարզվել է, երբեմն կորոնավիրուսային վարակը ճանաչողական դեֆիցիտի է հանգեցնում, որը պահպանվում է մի քանի ամիս: Հետաքրքիր է, որ ճանաչողական ցուցանիշների որոշակի անկում է նկատվել նույնիսկ հիվանդության տեսանելի ախտանիշներ չունեցող մարդկանց մոտ:

Սակայն անկախ փորձագետները կոչ են անում քննադատորեն մոտենալ այս հետազոտության արդյունքներին, քանի որ հետազոտության մասնակիցների ճանաչողական գործառույթը մինչ կորոնավիրուսով վարակվելը հայտնի չէր: Բացի այդ, ստացված արդյունքները չեն արտացոլում երկարաժամկետ հեռանկարը ճանաչողական գործառույթների տեսանկյունից:

Իրենց հերթին, Նյու Յորքի համալսարանի Գրոսմանի անվան բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր յոթերորդ մարդու մոտ կարող են նյարդաբանական խանգարումներ զարգանալ, որոնք վտանգ են ներկայացնում կյանքի համար: Իսկ Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները բացատրել են պոտենցիալ վտանգավոր բարդությունները, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա եւ որոնց բախվում են COVID-19-ով որոշ հիվանդներ: Ըստ գիտնականների` այդպիսի խանգարումներ են լինում իմունային համակարգի ակտիվացման, այլ ոչ թե բուն կորոնավիրուսի պատճառով:




© NEWS.am Medicine