ՀՀ-ն մեկ միլիոն մարդուն բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 10-րդ տեղում է, գրեթե 700 քաղաքացի սպասում է հոսպիտալացվելու հերթում

12:24   2 նոյեմբերի, 2020

Հայաստանը մեկ միլիոն մարդուն բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով հայտնվել է աշխարհում 10-րդ տեղում․ ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ երկրում արդեն կա վարակման 93 448 հաստատված դեպք․ սա կազմում է միլիոն բնակչության հաշվարկով 31 516 դեպք։

Նոյեմբերի 1-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով 679 պացիենտ սպասում է հոսպիտալացվելու հերթում, հայտնել է Այրվածքների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը։ Նրանց հոսպիտալացնելու համար հիվանդանոցներում առայժմ տեղ չկա։

Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1391-ի, որոնցից 28-ը մահացել է վերջին մեկ օրում։ Հայաստանում միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 469 մահ․ այս ցուցանիշով աշխարհում 22-րդ տեղում ենք։

Համավարակի ամբողջ ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 410 524 թեստավորում՝ 138 451 թեստ մեկ միլիոն մարդու հաշվարկով։ Հայաստանն այս ցուցանիշով այսօր աշխարհում 90-րդ տեղում է։

Նշենք, որ 5 օր առաջ Հայաստանը մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակման դեպքերի թվով աշխարհում 11-րդ տեղում էր։



© NEWS.am Medicine